18:38  ,  20 սեպտեմբերի, 2024

Արթուր Սողոմոնյան․ «Փյունիկը» ստացել եմ առանց որեւէ գումարի եւ պատրաստ եմ առանց գումարի էլ փոխանցել

Ես ակումբը ստացել եմ առանց որեւէ գումարի եւ պատրաստ եմ առանց գումարի էլ հանձնել, փոխանցել: Ակումբն ունի որոշակի գույք, սեփականություն, որոնք ունեն շուկայական գին: Վաճառք ասելով՝ նկատի ունեմ դա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

Սեպտեմբերի 18-ին Արթուր Սողոմոնյանը հայտարարեց ակումբը վաճառելու որոշման մասին: Հայտարարության մեջ ակումբի սեփականատերը մանրամասնեց, որ վաճառում է ոչ թե ակումբն ամբողջ ենթակառուցվածքներով, այլ միայն բարձրագույն խմբի թիմը, ինքը շարունակում է ղեկավարել «Փյունիկի» ակադեմիան, պահպանում է մանկապատանեկան թիմերը:

«Ճիշտն ասած՝ ես միշտ եղել եմ պարզ ու ուզում եմ այդպես էլ մնամ: Ես վաճառում եմ առաջին թիմը՝ ակումբի պրոֆեսիոնալ մասը: Որ ասում եմ՝ վաճառում եմ, դա այն չէ, ինչ հասկանում են բոլորը: Խոսքն այն չէ, որ ես գումար եմ ակնկալում թիմի դիմաց: Վաճառում եմ թիմին պատկանող գույքը: Ակումբը ես անվճար եմ ստացել եւ պատրաստ եմ անվճար փոխանցել հաջորդ ղեկավարողին, եթե տեսնեմ գնորդի կողմից լրջություն: Դա վերաբերում է պրոֆեսիոնալ մասին:

Ինչ վերաբերում է ակումբի մանկապատանեկան, երիտասարդական ակադեմիային, ինձ համար սա մի փոքր ուրիշ պատմություն է: Ես ակադեմիան պահելու եմ, շարունակելու եմ իմ ներդրումները: Մենք ունենք ծրագիր եւ այդ ծրագրով շարժվում ենք առաջ: Այն երեխաները, որոնք գալիս են «Փյունիկ», միայն 1-2 տոկոսն են դառնում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, բայց մենք աշխատում ենք բոլորի հետ, ինչն ինձ համար շատ կարեւոր է: Ես ուզում եմ շարունակել իմ այդ գործը: Ինչ վերաբերում է ակադեմիային, եթե գնորդ չեղավ, ես այն պահելու եմ:

Մեր ակադեմիան մասնակցում է Հայաստանի առաջնության առաջին լիգայում ու կշարունակի իր մասնակցությունը: Ես ուզում եմ ծնողներին հանգստացնել, որ կապված երեխաների հետ, ոչինչ չի փոխվելու: Մենք այնտեղ սպասում ենք շինթույլտվության, պատրաստվում ենք կառուցել նոր հանդերձարաններ, արդեն Իտալիայից ստացել ենք նոր խոտածածկ, շուտով փոխելու ենք դաշտերի խոտածածկը: Մենք ունենք մեր ծրագիրը եւ դրանով շարժվելու ենք առաջ:

Ինչպես արդեն ասել էի՝ 7,5 տարվա ընթացքում ես շուրջ 20 միլիոն դոլարի ներդրում եմ արել: Վաճառել ասելով, խոսքը չի գնում այս գումարների մասին: Ինչպես ասացի՝ ակումբը ես առանց գումարի եմ ստացել, առանց գումարի էլ կհանձնեմ նրան, ով պատրաստ է ղեկավարել եւ լուրջ ներդրումներ անել, պահպանել ակումբի պատմությունը:

Այսօր դեռ գնորդ չկա: Դեռ որեւէ մեկի հետ բանակցությունների մեջ չենք: Անցած տարի խոսում էի արտասահմանցի երկու կազմակերպությունների հետ: Նրանք ուսումնասիրեցին հայկական ֆուտբոլը եւ մերժեցին: Նախքան այդ, լրջորեն մտածում էին դրա մասին: Նրանք էլ հասկացան, որ այսօր հայկական ֆուտբոլում ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է եւ հարկ չհամարեցին մտնել այդ ամենի մեջ:

Գնորդների թեմայի շուրջ շատ են խոսակցությունները, բամբասանքները: Ասում են, թե «Վիվառոն» է ուզում գնել, բայց դա չի համապատասխանում իրականությանը: Սա նույնիսկ անօրինական է, քանի որ խաղադրույքային կազմակերպության սեփականատերը իրավունք չունի ֆուտբոլային թիմ պահել: Այն, ինչ այսօր կատարվում է «Նոա» ակումբի հետ, չեմ ցանկանում մեկնաբանել, բայց չեմ կարծում, որ դա ճիշտ է: Հավաստիացնում եմ, որ այդպիսի բանակցություններ չկան: Սպասողական վիճակ է: Եթե տեսնեմ լուրջ մարդիկ, սիրով ակումբը կփոխանցեմ նրանց:

Ակումբն ունի որոշակի գույք, սեփականություն, որոնք ունեն շուկայական գին: Վաճառք ասելով՝ նկատի ունեմ դա: Ինչ վերաբերում է ակումբի անվանը, թիմին, ես այդ ամենը ստացել եմ առանց որեւէ գումարի եւ առանց գումարի էլ պատրաստ եմ հանձնել»,- ասաց Արթուր Սողոմոնյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News