«Փյունիկ» ակումբը վաճառելը հերթական քամու տատանումն է Արթուր Սողոմոնյանի կողմից: Ես շատ լավ հիշում եմ, թե Արթուր Սողոմոնյանն ինչպես է դարձել «Փյունիկի» տերը: Նրան նվիրել են այդ ակումբը: Որքանով է բարոյական նվերը վաճառել: Նվեր ստացած ապրանքը վաճառում է, բա նվեր տվողին ինչ պատասխան է տալու: Մեզ համար, ցանկացած իրավիճակ բացասական է, որը բերում է տատանումների հայկական ֆուտբոլում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը:
7,5 տարի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ղեկավարելուց հետո, սեպտեմբերի 18-ին Արթուր Սողոմոնյանը հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալու եւ ակումբը վաճառելու որոշման մասին:
Պարոն Նիկողոսյան, ինչպիսի՞ն է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դիրքորոշումը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ՝ Արթուր Սողոմոնյանի՝ ակումբը վաճառելու մասին որոշման վերաբերյալ:
ՀՖՖ-ն վաղուց չի մեկնաբանում «Փյունիկի» սեփականատիրոջ հայտարարությունները, որոնք բավականին հեռու են իրականությունից եւ անհասկանալի, միշտ կրել են պրովոկացիոն բնույթ եւ իրենց մեջ պարունակում են շանտաժ: Մեզ համար դեռ հասկանալի չէ, թե նա ինչն է վաճառում: Մեկ ասում է «Փյունիկը» վաճառում է, մանկապատանեկանը պահում:
Պետք է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Մոտավորապես նույնն է, որ վաճառում եմ տանս տանիքը, բայց տունը պահում եմ ինձ: Գնողն ի՞նչ է գնելու: Մենք ունենք լիցենազավորված ակումբ «Փյունիկ», որի մեջ մտնում են մանկապատանեկան թիմեր, որոնց հիմքով էլ տրվել է լիցենզիան եւ ձայնի իրավունքը: Հիմա նա չի էլ հասկանում, թե ինչն է վաճառում: Նրա բոլոր հայտարարությունները հեռու են իրականությունից, այդ թվում եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի հասցեին հնչող մեղադրանքները ագրեսիայի վերաբերյալ:
Նա նշում է, որ մենք «Փյունիկին» չենք տվել «Հանրապետական» մարզադաշտը, այլ ինչ-որ այլ մարդիկ են մեզ ստիպել: Սա հերթական ստերից մեկն է: Մենք «Փյունիկին» «Հանրապետական» ստադիոնը տվել ենք դեռեւս մարտի 1-ին կնքած պայմանագրով, որի համաձայն Հայաստանի չեմպիոն դառնալու դեպքում՝ իրավունք էր ստանում խաղալ այնտեղ: Հաջորդն՝ ասում է, որ դաշտ է ուզել, չենք տվել: Պաշտոնապես ասում եմ՝ ոչ այս դեպքում, ոչ երբեւէ «Փյունիկ» ակումբը ՀՀՖ-ի ոչ մի ղեկավարից, Մելիքբեկյանից, ինձնից, ոչ գրավոր, ոչ բանավոր դաշտ չի ուզել, որովհետեւ ֆուտբոլի ֆեդերացիան դաշտ չունի: Դաշտեր ունեն տարբեր կազմակերպպություններ:
Նա խոսում է ներդրումներից. լավ ծախեց գնաց, ի՞նչ է թողնում: Ասում է՝ 20 միլիոն ներդրում եմ արել: «Փյունիկն» ունի ակադեմիա, որտեղ ակումբը մարզվում է: Տեսեք այնտեղի խոտածածկի վիճակը: Դժվա՞ր էր 7 տարվա մեջ մեկ անգամ հնձել, ցանել այդ խաղադաշտը, որտեղ մարզվում է «Փյունիկը»՝ բերել պատշաճ տեսքի: Թե դա էլ է ֆեդերացիան մեղավոր: Մեկ անգամ հնձեիք: Ես շատ լավ հիշում եմ, թե Արթուր Սողոմոնյանն ինչպես է դարձել «Փյունիկի» տերը: Նրան նվիրել են այդ ակումբը: Որքանով է բարոյական նվերը վաճառել: Նվեր ստացած ապրանքը վաճառում է, բա նվեր տվողին ինչ պատասխան է տալու: Բազմաթիվ հարցեր ունենք, որոնք ավելի շատ են: Սա հերթական քամու տատանումն է Սողոմոնյանի կողմից:
Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ այս որոշումը բխել է ֆեդերացիայի հետ անառողջ մթնոլորտից եւ հարաբերություններից: Ինչո՞ւ այս տարիների ընթացքում ՀՖՖ-ն եւ «Փյունիկը» համագործակցության եզրեր չգտան:
Բազմիցս փորձել ենք հասկանալ, թե ինչ է նրանց ուզածը: Նամակ ենք գրել, խնդրել ենք բացատրել իրենց վերաբերմունքը, գործողությունների դրդապատճառը: Միշտ ստացել ենք մի պատասխան՝ «Դուք չեք կարող մեզ ստիպել, թե ինչ ասենք, ինչպես ասենք, երբ ասենք եւ ում ասենք»: Բավականին կոպիտ նամակներ: Եթե իրենք խոսում են, ցանկացած պահի կարող եմ ցույց տալ մեր նամակագրությունը, փաստեր, որոնք կան եւ բոլոր այն ստերը, որոնք նրանք ասում են:
Ամենամեծ ստերից մեկը որպես օրինակ բերեմ. այս տարի հունվարին «Փյունիկը» հավաք էր անում Թուրքիայում: Թիմի երկրորդ մարզիչ Մոնարյովը ռուսական լրատվամիջոցներին հարցազրույց տվեց եւ ասաց, որ «Փյունիկի» ուկրաինացի ֆուտբոլիստները հրաժարվում են խաղալ ռուսական թիմերի դեմ, այդ պատճառով չեն խաղալու:
Դրանից հետո Սողոմոնյանը հարցազրույց տվեց Match TV-ին եւ հայտարարեց՝ «Սա պրովոկացիա է, պրովոկատորներին նորից «Փյունիկի» դեմ են հանում, այդպիսի բան չկա, ես ռուսաստանցի գործարար եմ եւ վստահեցնում եմ, որ խաղալու ենք ռուսական թիմերի հետ»: Փաստն այն է, որ «Փյունիկը» չխաղաց ռուսական որեւէ ակումբի հետ: Հիմա եթե Արթուր Սողոմոնյանը նույնիսկ իր թիմում չունի հեղինակություն, նրա խոսքն իր ակումբում չեն հարգում, ի՞նչ է ուզում որեւէ մեկից:
Ասում է՝ 20 միլիոն դոլարի ներդրում է արել, գոնե կարող էր մեկ դաշտ վերանորոգել: Մեկ փոքրիկ բան թողներ Հայաստանում, որ գնար, ասեին՝ սա Սողոմոնյանն է սարքել: «Փյունիկի» ակադեմիայում երկու դաշտ դրված է, որը ֆեդերացիան է արել:
Նա մի ճիշտ միտք է արտահայտել, որ ինքն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ:
Ըստ Արթուր Սողոմոնյանի, ՀՖՖ - «Փյունիկ» խնդիրն անձնական դաշտում է: Ի՞նչ անձնական խնդիր կա Արթուր Սողոմյանի հետ:
Սողոմոնյանի հետ հանդիպել եմ կյանքում երկու անգամ: Առաջին անգամ 2019-ին Երեւանի սրճարաններից մեկում, երբ առաջին անգամ ծանոթացանք, երկրորդ անգամ 4-5 տարի առաջ: Այդ ժամանակ Եղիշե Մելիքյանը նոր էր նշանակվել գլխավոր մարզիչի պաշտոնում եւ «Փյունիկը» պարտվեց «Արարատին» 2:6 հաշվով «Հանրապետական» ստադիոնում:
«Հանրապետական» ստադիոնի տնօրենը զգուշացրեց մեզ, որ խաղից առաջ ինչ-որ հոգեւորականներ են բերել դաշտը օծելու եւ աղոթելու համար: Ինչ-որ գործողություն էին արել, որ «Փյունիկը» չպարտվի: «Փյունիկը» պարտվեց: Հաջորդ խաղից առաջ ստադիոնի տնօրենը մեզ զանգեց եւ ասաց, որ հոգեւորականների ավելի մեծ խմբով են եկել, պարզվել էր այն ժամանակ սխալ էին աղոթել, «Արարատի» հանդերձարանն էին օծել: Հիմա ուզում են ամբողջ ստադիոնն օծեն: Ստադիոնի տնօրենն ասաց, որ թույլ չի տվել: Սա իրական պատմություն է:
Մի քանի րոպե հետո Մելիքբեկյանի սենյակում էինք, հանկարծ դռների արանքում երեւաց հեւացող Սողոմոնյանը: Նա ասաց՝ հոգեւորականներին չեն թողնում ստադիոն: Նա դրա համար էր եկել, որ մենք թույլ չենք տալիս ստադիոնը օծեն: Ինձ համար աբսուրդ էր: Իմ պատասխանը նրան եղավ՝ դրա փոխարեն ավելի լավ չի ֆուտբոլ խաղալ սովորեք: Սա եղել է մեր երկրորդ հանդիպումը եւ վերջ: Հիմա եթե համարում եք, որ մենք բավականին լավ ծանոթ ենք եւ անձնական խնդիրներ ունենք, թող այդպես լինի:
Արթուր Սողոմոնյանը NEWS.am Sport-ին տված հարցազրույցում նշում է, որ մի քանի փորձ է արվել ՀՖՖ-ի հետ զրոյից նոր հարաբերություններ սկսելու համար: Ի՞նչն է եղել պատճառը, որ ընդառաջ չեք գնացել: Ի՞նչ քայլեր են արվել այդ ուղղությամբ:
Մենք դատի ենք տվել նրանց, որովհետեւ Արթուր Սողոմոնյանը ինձ եւ Արմեն Մելիքբեկյանին մեղադրել է բանակից եւ Հայաստանից գողություններ կատարելու մեջ: Նա բազմաթիվ մեղադրանքներ է հնչեցրել մեր հասցեին: Մի մարդ, որը պատերազմի օրերին ոչնչով օգուտ չի տվել երկրին, փորձում է փնովել մարդկանց, որոնք պապով տատով, իրենց ծնունդով այս երկրում են ապրում, պատերազմի ընթացքում ամեն ինչով փորձել ենք օգնել մեր երկրին:
Երկու տարի դատը գնում է եւ դրանից հետո ասում է՝ եկեք զրոյից սկսենք: Համաձայն ենք ամեն ինչում զրոյից սկսել: Դրանից հետո հազարավոր նամակներ ենք ստացել «Փյունիկից» եւ աջակցել ենք՝ ինչով հնարավոր է, բայց դատ է գնում: Մինչեւ ներողություն չխնդրի իր խոսքերի համար, նրան ոչինչ չունենք ասելու: Եթե մարդուն գող ես անվանում, պետք է պատասխան տաս: Մեր երկրում հիմա ամեն պատասխան տրվում է օրենքով: Մենք շարժվում ենք օրենքով: Կամ ինքը կապացուցի, որ մենք գող ենք եւ մենք կնստենք, կամ ներողություն կխնդրի:
Ո՞րն է ՀՖՖ-ի գնահատականը՝ ակումբը վաճառելու որոշման վերաբերյալ:
Մեզ համար, ցանկացած իրավիճակ բացասական է, որը բերում է տատանումների հայկական ֆուտբոլում: Սա նույնպես բացասական երեւույթ է: Մեկ անգամ ընդհանուր քննարկում ունեցանք եւ եկանք եզրահանգման, որ «Փյունիկն» այսպիսի քայլերի գնում է հավաքականի խաղերից առաջ եւ դա արվում է հատուկ, որպեսզի խաղերից առաջ սկանդալ առաջացնի: Ինձ համար միակ զարմանալին այն է, որ սա չարվեց սեպտեմբերի խաղերից առաջ: Ընտրություններից առաջ էլ ասում էր՝ հեսա փակում եմ ակումբը: Հիմա ասում է՝ վաճառում եմ: Կամ օդի տատանում է, կամ վաճառել ավարտել է, ընդամենը ուզում է ցույց տալ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի