23:44  ,  7 սեպտեմբերի, 2024

Ալեքսանդր Պետրակով․ Լատվիան դեռ անակնկալներ կմատուցի մեզ (տեսանյութ)

Լատվիայի հավաքականը շատ լավն է: Պետք չէ թերագնահատել մրցակցին: Լատվիան դեռ անակնկալներ կմատուցի մեզ: Խնդրում եմ՝ մոռանալ այս հաղթանակի մասին եւ մտածել հաջորդ խաղի մասին: Այս մեկ հաղթանակով Ազգերի լիգան չավարտվեց:

Այս մասին հետխաղային ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը՝ մեկնաբանելով Ազգերի լիգայի առաջին տուրում Լատվիայի նկատմամբ տարած 4:1 հաշվով հաղթանակը:

Լրագրողները ուկրաինացի մասնագետին ծափերով դիմավորեցին ասուլիսների սրահում եւ շնորհավորեցին առաջին հաղթանակի կապակցությամբ: 

«Տղաներին շնորհավորում եմ, նրանք բոլոր հանձնարարություններում հրաշալի հանդես եկան եւ մեծ նվիրում ցուցաբերեցին խաղադաշտում:

Լուկասի միջոցով պրեսինգ անելն այդքան էլ հեշտ չէ: Մարզման ընթացքում նա վատառողջ էր: Խաղից երեք օր առաջ սննդային թունավորում էր ստացել, բայց կարողացավ այսօր դուրս գալ եւ խաղալ: Աշխատեց շատ մեծ նվիրումով: Իրականում, շնորհակալ եմ տղաներին: Նրանք խաղադաշտում շատ լավ աշխատանք կատարեցին: Շատ գոհ եմ նաեւ Սպերցյանի խաղից: Նրա հետ խոսել եմ, ասել է, որ դեռ մինչեւ ձմեռ «Կրասնոդարում» է մնալու:

Լուկասի դեպքում հիմնական դժվարությունն այն էր, որ իջնում էր դաշտի կենտրոն, իսկ կենտրոնում սուր հարձակվող, կեղծ 9-ը համար չունեինք: Ափսոսում եմ, որ Լուկասի դաշտի կենտրոնից կատարած գոլը չհաջողվեց: Եթե գրանցվեր, «շեդեւր» կլիներ:

Ես դիմում եւ խնդրում եմ բոլորին՝ մի գովաբանեք ֆուտբոլիստներին այս մեկ հաղթանակով: Այս խաղով Ազգերի լիգան չավարտվեց: Մենք մեկնում ենք Մակեդոնիա: Տեսնում եմ՝ արդեն պարեր, երգեր, հրավառություն: Այս մի խաղով եւ հաղթանակով մրցաշարը չավարտվեց: Խաղացինք այս խաղը, էջը շրջեցինք, շուտով օրը կփոխվի, պետք է պատրաստվենք հաջող խաղին:

Ռանոսի հետ կապված չեմ կարծում, որ Սկոպյեում կկարողանա 90 րոպե խաղալ: Ֆունկցիոնալ առումով չի կարող: Իվուի խաղից եւս շատ գոհ եմ: Նա երկու օր առաջ հայր է դարձել, ինչի առիթով եկեք շնորհավորենք նրան: Այս տղան մեծ նվիրումով է խաղում Հայաստանի հավաքականում: Շատ մոտիվացված էր եւ հավաքին եկել էր շատ լավ մարզավիճակում:

Կալիսիրն շատ հաճելի ֆուտբոլիստ է: Նա մոտեցավ ինձ 64-րդ րոպեին եւ ասաց, որ ինչ-որ վնասվածք ունի: Ես նրան հարցրեցի, թե քանի րոպե կարող է խաղալ, ասաց՝ 10 րոպե: Այդպես էլ արեցինք , ասաց եւ խաղաց եւս 10 րոպե ու դուրս բերեցի: Արդեն տարիքով ֆուտբոլիստ է, պետք է բոլորս հասկանանք:

Շաղոյանը նույնպես դրսեւորեց լավ որակներ, որոնք չէր ցուցաբերել նախորդ խաղերին:

Նաիր Տիկնիզյանին միայն շնորհակալության խոսքեր կարող եմ ասել: Նա եկավ մարտին, վնասվածք ստացավ: Մենք շատ լավ լեզու ենք գտնում Նաիրի հետ: Այսօր էլ լավ խաղաց: Փորձեց առավելագույնն անել, բայց հասնակալի է, որ իր համար դժվար էր: Այն ֆուտբոլիստը, որը երկար ժամանակ չի խաղում, շատ դժվար է 90 րոպե խաղադաշտում անցկացնել:

Այսօրվա մեր մրցակիցը, կհամաձայնեք, որ  լավ թիմ է: Պետք չէ թերագնահատել մրցակցին: Լատվիան դեռ անակնկալներ կմատուցի մեզ: Մենք նրանց կհանդիպենք նոյեմբերին:

Ստյոպա Մկրտչյանը Հայաստանի թիմի հետ չի մեկնի Հյուսիսային Մակեդոնիա, նա կվերադառնա Խորվաթիա: Այսօր թիմի կողքին էր, բայց հասկանալի է, որ չի կարողանա խաղալ նաեւ Մակեդոնիայի դեմ խաղում: Նա կպատրաստվի հոկտեմբերի խաղերին: 

Դեռ վիճականահությունից հետո ասել էի, որ մեր խմբի ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիան է: Շատ ուժեղ մրցակից է, կազմակերպված ֆուտբոլ է խաղում, նոր երիտասարդ խաղացողներ ունի: Սպասվում է բարդ խաղ»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը:

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 10-ին Սկոպյեում կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի թիմին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում