Փորձ էր, չստացվեց: Այս անգամ ավելի հանգիստ էի, մեծ լարվածություն չէի զգում: Երեւի այդ հանգստությունն էր պատճառը, որ ցատկերս չստացվեցին: Գուցե այսպես էլ պետք է լիներ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը:
Հուլիսի 27-ին սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարի որակավորման փուլում Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում դուրս եկավ եզրափակիչ: Աշխարհի չեմպիոնը երկու ցատկերի հանրագումարում վաստակեց 14.666 միավոր: Առաջին ցատկն անհաջող ստացվեց, վերջնամասում ոտքը աշխատանքային գոտուց դուրս դրեց՝ խուսափելով ընկնելուց: Երկրորդ ցատկն հաջողությամբ կատարեց, սակայն ընդհանուր գնահատականի վրա ազդեց առաջին ցատկի արդյունքը:
Արթուր Դավթյանը մասնակցում էր որակավորման փուլի երկրորդ ենթախմբում: Մինչեւ մրցումային օրվա ավարտը, դեռ հայտնի չէր, թե այս միավորով Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը կհաղթահարի որակավորման փուլի արգելքը, թե ոչ:
Արդեն երեկոյան երրորդ ենթախմբի բոլոր մասնակիցների մրցելույթների ավարտից հետո հայտնի դարձավ, որ Դավթյանը 7-րդ տեղից դուրս է եկել եզրափակիչ:
Նշենք, որ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի ոսկե մեդալի հիմնական հավակնորդներից է:
«Ցատկերիցս դժգոհ եմ, բայց ուրախ եմ, որ եզրափակիչ դուրս եկա,: Նորմալ տրամադրված էի, բայց լավ չստացվեց: Փորձ էր, անհաջող ստացվեց: Առաջին ցատկում ձեռքերս նորմալ չդրեցի գործիքի վրա, երկրորդում կրունկներս մի փոքր չգնաց: Ոչ մի պատճառ չկար, ինձ խանգարող հանգամանք չկար:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի համեմատ, այս անգամ ավելի հանգիստ էի: Գուցե այդ հանգստությունն էր պատճառը, որ ցատկերս լավ չստացվեցին: Այդքան մեծ լարվածություն չէի զգում: Իսկապես լավ էի տրամադրված, ինձ հրաշալի էի զգում, ուղղակի չստացվեց: Երեւի այսպես էլ պետք է լիներ»,- ասաց Արթուր Դավթյանը:
Արթուր Դավթյանի մասնակցությամբ հենացատկի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին, ժամը 18:25-ին:
Տոկիոյի Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը եզրափակիչ էր դուրս եկել 14.866 միավորով, իսկ եզրափակիչում բրոնզե մեդալակիր էր դարձել 14.733 միավորով:
2022 թվականին Լիվերպուլում անցկացված աշխարհի առաջնությունում Դավթյանը չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 15.050 միավորով:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի