12:32  ,  5 հուլիսի, 2024

Մեսի․ Շատ զայրացած եմ, որ վրիպեցի, բայց վստահ էի, որ հենց այդպես եմ հարվածելու

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է հաղթանակը Էկվադորի նկատմամբ Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում։

Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ Հետխաղային 11-մետրանոցներով Արգենտինան հաղթել էր 4:2 հաշվով։ Մեսին վրիպել էր՝ հարվածելով հորիզոնական դարպասաձողին։ Երկու սեյվ էր կատարել արգենտինացիների դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։

«Գիտեինք, որ կլինի լարված եւ համառ պայքար։ Ամեն ինչ տեղի ունեցավ կանխատեսումներին համապատասխան։ Էկվադորն ունի շատ լավ խաղացողներ։

ԱՄՆ-ում խաղադաշտերը թույլ չեն տալիս շատ արագ խաղալ։ Դա հեշտացնում է պաշտպանների խնդիրը։

Շատ զայրացած եմ, որ վրիպեցի 11-մետրանոցի ժամանակ, բայց վստահ էի, որ հենց այդպես եմ հարվածելու։ Մարզումների ժամանակ հարվածում էի դարպասի անկյունների ուղղությամբ, բայց երբ Էկվադորի թիմի դարպասապահը հարվածի պահին թեքվեց դեպի անկյուն, ես որոշեցի կենտրոնով հարվածել։ Ցավոք, մի փոքր բարձր ստացվեց։

Բարեբախտաբար, Էմիլիանո Մարտինեսը հրաշալի է խաղում հետխաղային 11-մետրանոցների ժամանակ։ Նա սիրում է այդպիսի պահերը։ Խաղից առաջ էլ մենք հանգիստ էինք, երբ մտածում էինք, որ կարող է ոչ ոքի լինել։ Մենք ունենք առավելություն Էմիլիանո Մարտինեսի շնորհիվ»,- Մեսիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։

Արգենտինան կիսաեզրափակիչում կհանդիպի Վենեսուելա - Կանադա դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում