23:31  ,  7 հունիսի, 2024

Վահան Բիչախչյան․ Շատ լավ ֆուտբոլ խաղացինք

Հայաստանի հավաքականի եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը Ղազախստանի թիմի նկատմամբ Երեւանում տեղի ուենցած ընկերական խաղում։ Բիչախչյանը դարձել էր գոլի հեղինակ։

«Շատ լավ խաղ էր, բաց ֆուտբոլ էր, իմ կարծիքով: Երկու թիմերն էլ ունեին գոլային պահեր: Շատ լավ ֆուտբոլ խաղացինք: Սկզբում շատ լավ խաղացինք, հետո մի քիչ պասիվություն կար, բայց կարողացանք հաղթել, ինչն ամենակարեւորն էր:

Սլովենիայի հետ հանդիպան երկրորդ խաղակեսում հաջող խաղացինք: Ավելի շատ պահեր ունեինք, ու, իմ կարծիքով, արժանի չէինք պարտության: Այսօր էլ հակառակ պատկերն էր. Հենց առաջին րոպեներից բարձրակարգ ֆուտբոլ խաղացինք, չտվեցինք տարածություն, որպեսզի մրցակիցը կարողանա խաղալ: Գոլային պահեր ստեղծեցինք: Կարող էինք առաջին խաղակեսում ավելի շատ գոլեր գրանցել:

Բոլորիս համար դրական է այս հաղթանակը: Վերջին պարտություններից հետո եւ Ազգերի լիգայի մեկնարկից առաջ այս հաղթանակը մեզ կտա էմոցիաներ, դրական էներգիա, որպեսզի Ազգերի լիգայում պայքարը կարողանանք բարձր տրամադրությամբ սկսել:

Այս ընկերական հանդիպումներից հետո հետեւությունն այն  է, որ խաղադաշտում ավելի շատ վստահ լինենք, հավատանք մեր ուժերին: Եթե մենք մեզ հավատում ենք, ավելի լավ տեսք ենք ունենում խաղադաշտում: Ինձ թվում է՝ ամենակարեւորը վստահությունն է ու հավատը, որն ամենամեծ դերն է խաղում հավաքականում հաղթանակների հասնելու համար»,- ասաց Վահան Բիչախչյանը:

Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները C լիգայի չորրորդ խմբում կլինեն Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի եւ Ֆարերյան կղզիների հավաքականները։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում