20:27  ,  28 մայիսի, 2024

Ռումենիգեն հաստատել է, որ Կոմպանին կգլխավորի «Բավարիան»

Մյունխենի «Բավարիայի» դիտորդական խորհրդի անդամ Կառլ-Հայնց Ռումենիգեն հաստատել է, որ անգլիական «Բարնլիի» 38-ամյա գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին գերմանական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի գերմանացի Թոմաս Տուխելին։

«Մեր տնօրենը որոշել է գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել Վենսան Կոմպանիին։ Մնում է պարզել վերջին մանրուքները։ Այդ ժամանակ ամեն ինչ կլինի պաշտոնապես։

Խոսեպ Գվարդիոլան նույնպես օգնել է մեզ Կոմպանիի հետ բանակցությունների հարցում։ Նա բարձր է գնահատել նրա մարզչական որակները։ Պեպը լավ գիտի Վենսանին եւ նրան համարում է տաղանդավոր մարզիչ։ Գվարդիոլայի կարծիքը շատ արժեքավոր էր»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Sky-ը։

Կոմպանին 2022 թվականից է գլխավորում «Բարնլին», որն Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում գրավեց նախավերջին տեղը եւ դուրս մնաց ուժեղագույնների դիվիզիոնից։ Կոմպանին գլխավորել է նաեւ բելգիական «Անդերլեխտը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում