15:03  ,  30 ապրիլի, 2024

Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը մամուլի ասուլիսում դժգոհել է հայկական սպորտում գործող օրենսդրական կարգավորումներից։

«Այս ներկաները, եթե ասում են՝ նախկինները տարան, թալանեցին, ապա ներկաներն անում են պետականորեն, օրինական, օրենքով, շատ հաճելի։ Նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն։ Օրենքը կա, տոմսերի համար 340 հազարն էլ մուծի, էտ 10 հոգին էլ ուղարկի՝ թող գնա Պերու մրցման, գա։ 340 հազարը տարան քեզանից։ Այն փողը, որը տվել է պետությունը։

Ես արել եմ առաջարկներ համապատասխան նախարարության։ Ասում է՝ օրենքն է այդպիսին։ Փրկությունը՝ սպորտը առանձնացնելն է, որ լինենք սրտացավ։ Եթե ասում են՝ տարան, թալանեցին, ես դեռ չեմ տեսել մարզիչ, որը միլիոնատեր լինի։ Առանձնացված կառույց է պետք։

Ես ձեզ խոստանում եմ, որ հայկական ծանրամարտը երբեք անտերության չի մատնվելու, ինչքան էլ, որ պետականորեն անտերության մատնվի։

Գլխավոր մարզիչի աշխատանքի առաջարկներ ունեմ մի քանի պետություններից, այդ թվում Չինաստանից աշխատանքի առաջարկ ունեմ։ Նրանք զարմացած են, թե ինչպես կարող է մարզիչը բերի թիմ եւ յուրաքանչյուրի համար մտածի, որ մեդալ վերցնի։ Անցած տարի մենք միավորներով առաջ անցանք Չինաստանից։

Ալեն Սիմոնյանի հետ էլ եմ զրուցել օրենքի մասին։ Բայց եթե մարդը սպորտից չի հասկանում, ինչ օրենք պետք է ընդունի։ Այսքան ժամանակ ինձ ոչ մի հարց չեն տվել։ Ալեն Սիմոնյանը Բուլղարիայում հանդիպեց, եւ ես խնդրեցի, որ մեզ էլ միկրոֆոն տրամադրեն 10 րոպե»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը։

Փարիզի Օլիմպիական խաղերում ծանրամարտի Հայաստանի հավաքականը կներկայացնեն 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը եւ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում