19:20  ,  16 ապրիլի, 2024

Հարի Քեյն․ Շնորհավորում եմ «Բայերին», որը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում

Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը շնորհավորել է Լեւերկուզենի «Բայերին» Գերմանիայի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճելու առթիվ։

Անցած ամռանը Լոնդոնի «Տոտենհեմից» «Բավարիա» տեղափոխվելուց հետո կարիերայում ոչ մի տիտղոս չնվաճած Հարի Քեյնը հույս ուներ արդեն առաջին մրցաշրջանում դառնալ տիտղոսակիր։ Վերջին հույսը Չեմպիոնների լիգան է, որի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» կընդունի Լոնդոնի «Արսենալին»։ Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:

«Մեր թիմի համար հիասթափեցնող մրցաշրջան էր Բունդեսլիգայում։ Շնորհավորում եմ «Բայերին», որը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում։ Մենք չցուցադրեցինք մեր ամենաբարձր մակարդակը։

Գաղտնիք չէ, որ «Բավարիան» ամեն մրցաշրջանում էլ դնում է Բունդեսլիգայում եւ Չեմպիոնների լիգայում տիտղոսը նվաճելու խնդիր։ Ցանկանում եմ օգնել թիմին Չեմպիոնների լիգայում։ Գերազանց շանս կունենանք «Արսենալի» դեմ խաղում։ «Ալյանց Արենայում» կլինի ֆանտաստիկ մթնոլորտ։ Հավատում ենք, որ կարող ենք հասնել հաջողության»,- Հարի Քեյնի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։

«Բավարիա» - «Արսենալ» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում