Վերջին տարիներին մշտապես խոսում ենք, որ լավ շանսեր ունենք, բայց վերջում ինչ-որ բան պակասում է: Ազգերի լիգայի հետ կապված չէի ցանկանա սկզբում խոսել հնարավորությունների մասին: Ամեն խաղին պետք է պատրաստվենք՝ ինչպես վերջին խաղին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ չինական «Ցինդաո Ուեստ Քոսթ»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Հայաստանի հավաքականի խաղացողը մարտի 18-ին թիմակիցների հետ մասնակցեց Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ անցկացված մարզմանը, որը բաց էր մեդիայի ներկայացուցիչների համարր: 1,5 ժամ տեւած մարզումից հետո ֆուտբոլիստները պատասխանեցին լրագրողների հարցերին:
«Առաջիկա խաղերին լավ ենք պատրաստվում: Դեռ երկու օր է ինչ սկսել ենք հավաքը: Այսօր քննարկել ենք նաեւ վերջին խաղը՝ Խորվաթիայի հետ, սխալներն անալիզ ենք արել: Վաղվանից պատրաստվելու ենք Կոսովոյի հետ ընկերական խաղին: Ունենք երկու մրցակից: Երկուսն էլ ոճով նույն խաղն են խաղում: Մարզիչների հետ կուսումնասիրենք: Ինքս լավ տրամադրված եմ, բարձր տրամադրությամբ եկել եմ հավաքական:
Ազգերի լիգայի հետ կապված չէի ցանկանա սկզբից խոսել մեր շանսերի մասին: Վերջին տարիներին խոսում ենք, որ մեծ շանսեր ունենք, բայց վերջում ինչ-որ բան մեզ չի հերիքում: Կուզեի, որ ամեն խաղին պատրաստվենք ինչպես վերջինին եւ ամեն խաղին պայքարենք երեք միավորի համար: Ամեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է: Ունենք լավ հնարավորություն, պետք է ամեն խաղին պատրաստվել, ինչպես վերջինին, երեք միավորի համար: Ունենք մրցակիցներ, որոնց հետ բազմաթիվ անգամ խաղացել ենք»,- ասաց Վարազդատ Հարոյանը:
Հայաստանի հավաքականը մարտի 22-ին կընդունի Կոսովոյի թիմին, մարտի 26-ին կհյուրընկալվի Չեխիայի հավաքականին։
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում