13:01  ,  11 մարտի, 2024

Կարեն Աղամալյանն՝ Իտալիայից․ Մեր նկատմամբ անհասկանալի մրցավարություններ շատ եղան

Երբեք մրցավարությունից, մրցավարներից չեմ բողոքել, բայց այս մրցաշարում մեր նկատմամբ անհասկանալի մրցավարություններ շատ եղան, որի արդյունքում առնվազն 4 մենամարտ մենք պարտվեցինք: Տղաների աշխատանքից գոհ եմ, արդյունքներից՝ ոչ: Իրենց սխալներով հանդերձ՝ տղաներն այստեղ արեցին ամեն հնարավորը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Իտալիայում անցկացվող օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականը պայքարն ավարտեց առանց ուղեգրի: Հայաստանի թիմն այս մրցաշարին մասնակցում էր 10 բռնցքամարտիկով, որոնք չկարողացան հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը: Կարեն Աղամալյանի խոսքով, հավաքականի անդամները արեցին ամեն ինչ, բայց պարտվեցին անորոշ մրցավարության պայմաններում:

«Տղաների աշխատանքից գոհ եմ, արդյունքներից՝ ոչ: Իրենց սխալներով հանդերձ՝ տղաներն այստեղ արեցին ամեն հնարավորը:

Երբեք մրցավարությունից, մրցավարներից չեմ բողոքել, բայց այս մրցաշարում մեր նկատմամբ անհասկանալի մրցավարություններ շատ եղան: Տղաները ռինգում արեցին ամեն ինչ, ուրեմն բոլորը պետք է հաղթեին նոկաուտով, որպեսզի մրցավարները չկարողանային ոչինչ անել:

Երբեք մեր պարտությունները չեմ վերագրել մրցավարությանը, բայց այստեղ առնվազն 4 մենամարտի ելք որոշվեց նրանց շնորհիվ: Այս պահին դիտում եմ մենամարտերը եւ մեկնաբանում ինքս ինձ համար. տղաներից ոչ մեկը հենց այնպես հաղթանակ չի տվել մրցակցին: 4 մենամարտ միայն հաղթանակը մեզ պետք է տային: Ռաֆայել Հովհաննիսյանի եւ Գուրգեն Մադոյանի պարտություններն ընդհանրապես անհասկանալի էին: Գուրգեն Մադոյանի մրցակիցը ադրբեջանցի էր: Նա պարտվեց միայն առաջին ռաունդում, երկրորդ եւ երրորդ ռաունդներում հաղթեց, վերջում չես հասկանում՝ ինչպես են մրցավարները գնահատում, մենամարտն ավարտվում է 3:2՝ hօգուտ ադրբեջանցու: Նույնիսկ նրանք չէին սպասում, որ հաղթանակը կտան իրենց:

Տղաների կեսից ավելին ուղեգիր նվաճելու իրական հնարավորություն ունեին ու արել են ամեն ինչ: Նարեկ Մանասյանը ամերիկացու հետ շատ լավ մենամարտ է անցկացնում, ունքը բացվում է երկրորդ ռաունդում, այդ պահին ռինգի բժիշկ հորդանանցի կինը բարձրանում է անկյուն, զննում Նարեկին եւ կանգնեցնում մենամարտը: Կողքի ռինգում տալիս են աչք եւ ունք բացում, մենամարտը շարունակվում է, չեն կանգնեցնում: Այդտեղ էլ այդ տղան զրկվեց պայքարից: Ինչ ասեմ: Ռաֆայել Հովհաննիսյանի երեկվա մենամարտն էլ մրցավարների շնորհիվ ավարտվեց պարտությամբ: Նա երկու ծանր մենամարտ էր անցկացվել եւ երեկ պայքարում էր կիսաեզրափակիչ դուրս գալու համար:

Թիմը պատրաստ էր: Ես չեմ գտնում այս թիմում մարդ, որ բարձրացավ ռինգ եւ հենց այնպես հաղթանակ տվեց առանց պայքարի: Բոլորը պայքարում էին եւ պատրաստ էին:

Մենք ունենք եւս մեկ վարկանիշային մրցաշար Թաիլանդում: Ինչ գնով էլ լինի, այնտեղից ուղեգիր կբերենք: Մինչ այդ ունենք Եվրոպայի առաջնություն, որը վարկանիշային չի, բայց շատ հավանական է, որ վերջին պահին ՄՕԿ-ը փոխի որոշումը Եվրոպայի առաջնության հետ կապված: Դեռ պարզ չի»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Բռնցքամարտիկների երկրորդ եւ վերջին վարկանիշային մրցաշարը կանցկացվի մայիսի 23-ից հունիսի 3-ը: Հայաստանի թիմը դեռեւս օլիմպիական ուղեգիր չունի: Նշենք, որ Իտալիայում անցկացված վարկանիշային մրցաշարին չէր մասնակցում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:

«Թաիլանդում անցկացվելիք վարկանիշային մրցաշարում Բաչկովի մասնակցությունը դեռ պարզ չի: Եթե նա լիարժեք ապաքինված եղավ, 100 տոկոսով կպայքարի ուղեգրի համար: Հուսամ՝ նա կմասնակցի: Գիտեք, որ ձեռքերի վիրահատություն է տարել եւ շատ կարեւոր է, որ նա լիարժեք ապաքինված լինի: Կազմում գուցե լինեն փոփոխություններ Թաիլանդի մրցաշարում, բայց այս մասով հստակեցում կլինի միայն Եվրոպայի առաջնությունից հետո: Եթե լինեն փոփոխություններ, ապա շատ քիչ: Ես մեծ հույս ունեմ, որ Հովհաննես Բաչկովը կմիանա թիմին»,- մանրամասնեց Կարեն Աղամալյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով