01:41  ,  29 փետրվարի, 2024

«Ինտերը» պարտության մատնեց «Ատալանտային»՝ 4:0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրից տեղափոխված խաղում առաջատար «Ինտերն» ընդունեց Բերգամոյի «Ատալանտային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով։

26-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միայնակ դուրս եկավ մրցակցի դարպասապահի դեմ, որը կարողացավ հետ մղել գնդակը, բայց իտալացի պաշտպան Մատեո Դարմիանը բաց չթողեց պահը եւ բացեց հանդիպման հաշիվը։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Երկրորդ խաղակեսում աչքի ընկան իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն ու իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին, որը 62-րդ րոպեին փոխարինել էր  Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտերը» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից» առաջ է 12 միավոր։ «Ատալանտան» 5-րդն է՝ 46 միավոր։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ինտեր» - «Ատալանտա»՝ 4:0 

Մատեո Դարմիան, 26, Լաուտարո Մարտինես, 45+1, Ֆեդերիկո Դիմարկո, 55, Դավիդե Ֆրատեզի, 71

Չիրացրած 11մ՝ Լաուտարո Մարտինես, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում