17:36  ,  24 փետրվարի, 2024

Հայաստանի թիմի բասկետբոլիստները՝ Ավստրիայից կրած պարտության եւ Ալբանիայի դեմ առաջիկա խաղի մասին

Բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության ընտրական նախնական փուլում փետրվարի 25-ին Հայաստանի հավաքականը կընդունի Ալբանիայի հավաքականին:

Նախախաղային մարզման ժամանակ ազգային հավաքականի անդամները խոսել են Ավստրիայի հետ անհաջող խաղի եւ ալբանացիների հետ դիմակայությունի ակնկալիքների մասին:

Հայաստանի հավաքականի եւ իսպանական «Վալենսիայի» խաղացող Քրիս Ջոնսի խոսքով Ավստրիայի դեմ խաղում պարտվելուց հետո թիմում հուսահատություն չկա:

«Նախորդ խաղում պարտվեցինք, բայց չենք հուսահատվում: Ձգտում ենք ամեն ինչ անել, տնային խաղում լավագույն արդյունքը ցույց տալու համար: Մեզանից յուրաքանչյուրն անում է ամեն ինչ, որ վաղվա խաղում հաղթենք»,- ասաց Քրիս Ջոնսը:

 Հավաքականի նորեկ Տիգրան Մկրտումյանը նորամուտը նշել է Ավստրիայի դեմ խաղում: Ազգային հավաքական ընդգրկվելը եղել է նրա երազանքը:

«Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Հայաստանի հավաքականում: Միշտ երազանքն է եղել ազգային հավաքական ընդգրկվելը: Ինձ համար ֆենոմենալ խաղացող է Քրիս Ջոնսը: Երբեք նրան նման խաղացող չէի տեսել: Փորձում եմ նմանվել նրան: Թիմի տրամադրությունը միշտ շատ բարձր է: Ոգեւորված պատրասվում ենք Ալբանիայի դեմ խաղին: Ամեն անգամ հաղթելու նպատակով ենք ասպարեզ դուրս գալիս: Անցած խաղից առաջ էլ նույն տրամադրվածությունն ունեինք: Ճիշտ է՝ մեր ուզած հաշիվը չեղավ, բայց չենք հանձնվել, մեր գլուխը չենք կախել: Շարունակում ենք նույն ձեւ: Վաղը պետք է փորձենք հաղթել տանը մեր երկրի համար»,- նշեց Տիգրան Մկրտումյան:

Հավաքականի ավագ, արգենտինական «Օբրաս Բասկետի» խաղացող Անդրե Սփայթ- Մկրտչյանի խոսքով Ալբանիայի դեմ միասնական խաղով կփորձեն հաղթանակի հասնել:

«Ես երկար ժամանակ եմ խաղում Հայաստանում, ոչ մի տարի բաց չեմ թողել եւ չեմ պլանավորում լքել հավաքականը: Ավսրիայի հետ խաղն անհաջող ստացվեց հենց սկզբից: Բարդ հանդիպում էր: Խաղից անմիջապես հետո վերադարձանք Հայաստան եւ սկսեցիքն նախապատրաստվել Ալբանիայի դեմ խաղին: Այս խաղին մոտենում ենք ավելի պատրաստված եւ փորձով: Պետք  է միասնական խաղանք եւ փորձենք հաղթել»,- ասաց Անդրե Սփայթ-Մկրտչյանը:

2027 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի երկրորդ տուրի Հայաստան - Ալբանիա հանդիպումը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւ կմեկնարկի 18:00-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում