15:24  ,  21 փետրվարի, 2024

«Բավարիան» որոշեց հեռացնել Տուխելին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի պաշտոնը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ 50-ամյա մասնագետն ու «Բավարիայի» ղեկավարությունը հասել են համատեղ որոշման։

Տուխելը «Բավարիան» գլխավորել է 2023թ․ մարտին։ Անցած մրցաշրջանում թիմը նվաճել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը։

Ընթացիկ առաջնության 22 տուրից հետո «Բավարիան» 50 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Բայերից» հետ է 8 միավոր։ Բունդեսլիգայի նախորդ երկու հանդիպումներում «Բավարիան» 0:3 հաշվով պարտվել է «Բայերից», 2:3 հաշվով՝ «Բոխումին»։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» Հռոմում 0:1 հաշվով պարտվել է Իտալիայի փոխչեմպիոն «Լացիոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում