20:35  ,  18 փետրվարի, 2024

ԵԱ․ Մեժլում Մեժլումյանը պարգեւատրվեց բրոնզե մեդալով (ֆոտո)

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցավ 61 կգ քաշային կարգի մեդալակիրների պարգեւատրման արարողությունը: Մեժլում Մեժլումյանը պարգեւատրվեց բրոնզե մեդալով: Այս քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Աբասգաջի Մագոմեդովը: Արծաթե մեդալակիր դարձավ Ալբանիան ներկայացնող Զեմիլխան Աբակարողը, բրոնզե մեդալակիր՝ ադրբեջանցի Նուրադին Նովրուզովը:

Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7:5 հաշվով հաղթեց  գերմանացի Նիկլաս Շտեխելեին: Սփոփիչ գոտեմարտում 5:4 հաշվով հաղթել էր վրացի Շոթա Ֆարտենաձեին։

Մեժլում Մեժլումյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում 0:9 հաշվով պարտվել էր  ալբանացի Զելիմխան Աբակարովին, որը դուրս է եկել եզրափակիչ։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտեց երկու ոսկե, մեկ բրոնզե մեդալներով: Ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը:

Արսեն Հարությունյանը (57 կգ) եզրափակիչում  52 վայրկյանում 10:0 հաշվով պարտության մատնեց թուրք Մուհամեդ Կարավուսին եւ 4-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Արման Անդրեասյանը (70 կգ) եզրափակիչում համառ պայքարում 7:3 հաշվով հաղթեց վրացի Ակակի Կեմերտելիձեին եւ կարիերայում առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում