15:48  ,  12 փետրվարի, 2024

Մանվել Խաչատրյանը թուրք մրցակցի նկատմամբ տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից հաղթանակով մեկնարկեց նաեւ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը: Ազգային հավաքականի նորեկը պայքարը սկսեց քառորդ եզրափակիչից, որտեղ մրցեց Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Ադեմ Բուրակ Ուզունի հետ: Գերլարված պայքարում Մանվել Խաչատրյանը 13:5 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Թուրք մրցակիցը մեկնարկում 4 միավորի առավելություն ուներ: 7:7 հաշվի դեպքում մրցակիցը բողոքարկեց, բայց մրցավարները չբավարարեցին եւ երկու միավոր հանեցին նրա հաշվից եւ երկու միավոր ավելացրեցին հայ ըմբիշի օգտին: Վերջին 40 վայրկյանում Մանվեկ Խաչատրյանը հաշիվը դարձրեց 13:5:

Առաջին մրցումային օրը մրցագորգ դուրս եկած  Մալխաս Ամոյանը (77 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ) քառորդ եզրափակիչում: 

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական  խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը (77 կգ) մեկնարկային 1/8 եզրափակիչում 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Իտալիայի ներկայացուցիչ Ռիկարդո Վիտո Աբրեսցիայի նկատմամբ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Դավիթ Օվասապյանը (130 կգ) որակավորման փուլում 6:0 հաշվով հաղթեց Շվեցարիայի ներկայացուցիչ Դելիան Ալիշայի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Օվասապյան 5:0 հաշվով առավելության հասավ սերբ Բորիս Պետրուսիչի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ) եւ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) պարտվել են:

Գեւորգ Թադեւոսյանն առանց պայքարի անցավ 1/8 եզրափակիչ, քանի որ որակավորման փուլում նրա մրցակից, Նորվեգիայի ներկայացուցիչ Էքսաուս Մուկուբուն չներկայացավ գոտեմարտին: 1/8 եզրափակիչում Թադեւոսյանը չհաղթահարեց անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող, բելառուս Կիրիլ Մասկեւիչի արգելքը:

2023 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մեկնարկային գոտեմարտում չհաղթահարեց շվեդ Ալեքսանդր Բիկայի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում