01:41  ,  14 հունվարի, 2024

«Ինտերը» խնդիրներ չունեցավ` 5:1, Մխիթարյանը մասնակցեց 3 գոլային գրոհի (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում առաջատար «Ինտերը» հյուրընկալվեց «Մոնցային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 5:1 հաշվով։

12-րդ րոպեին հանդիպման հաշիվը 11-մետրանոցից բացեց «Ինտերի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։

14-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տուգանային հրապարակում փոխանցում կատարեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյին, որի սուր փոխանցումը գոլով ավարտեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

60-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի անցումից եւ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամի գոլային փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։

69-րդ րոպեին դաշտի տերերը կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն 84-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը 11-մետրանոցից խփեց միլանյան թիմի չորրորդ գոլը։

88-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը սեփական կիսադաշտում կասեցրեց մրցակցի գրոհը, սլացավ առաջ եւ գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամին, որը հաշիվը դարձրեց 5:1 (տեսանյութ):

«Ինտերը» 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Մոնցան» 11-րդն է՝ 25 միավոր։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Մոնցա» - «Ինտեր»՝ 1:5 (տեսանյութ)

Մատեո Պեսինա, 69, 11մ - Հական Չալհանօղլու, 12, 11մ, 60, Լաուտարո Մարտինես, 14, 84, 11մ, Մարկուս Տյուրամ, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում