15:31  ,  29 նոյեմբերի, 2023

WBC վարկածով աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյան․ Հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը (ֆոտո, վիդեո)

Մանկությանս երազանքն էր կռվել սովորել, աշխարհի չեմպիոն դառնալ բռնցքամարտում: Հանդես եմ գալիս Հայաստանի դրոշի ներքո եւ հպարտ եմ դրանով: Ուրախանում եմ, երբ հայերը հաջողության են հասնում բռնցքամարտում: Վստահ եմ, որ Երեւանում անցկացվող պատանիների աշխարհի առաջնությունում կունենանք չեմպիոններ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC վարկածով աշխարհի նորընծա չեմպիոն Նոել Միքայելյանը:

Նոյեմբերի 5-ին Մայամիում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում Նոել  Միքայելյանը նվաճեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին առաջին ծանր քաշային կարգում։ 33-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցը Կոնգոյի ներկայացուցիչ, 35-ամյա Իլունգա Մակաբուն էր, ում հայ բռնցքամարտիկը հաղթել է նոկաուտով երրորդ ռաունդում: Պրոֆեսիոնալ ռինգում Միքայելյանը տարել է 27 հաղթանակ, կրել 2 պարտություն։ Այս օրերին աշխարհի չեմպիոնը Հայաստանում է:

«Ուրախ եմ, որ ես WBC վարկածով առաջին ծանր քաշում աշխարհի չեմպիոն եմ: Մենամարտել եմ Կոնգոյի համար մեկ բռնցքամարտիկի հետ, որը երեք տարի ունեցել է այս գոտին եւ պաշտպանել: Հաղթել եմ նոկաուտով երրորդ ռաունդում:

Շատ դժվար էր կազմակերպել այս մենամարտը: Իմ մրցակիցը երեք տարի չեմպիոն էր եւ, կարծես, չէր ցանկանում ինձ հետ վիճարկել գոտին: Առաջին անգամ այս գոտու համար մենամարտել եմ 2018 թվականին: Մրցակիցս աշխարհի լավագույն բռնցքամարտիկ, լատվիացի Մայրիս Բրիեդիսն էր: Այդ մենամարտում ես հաղթել էի, բայց թյուրիմացություն էր եղել եւ միավորներով հաղթանակը տվել էին Բրիեդիսին: Դրանից հետո ես պետք է 4 տարվա մեջ նորից վարկանիշ հավաքեի, մենամարտեր անցկացեի, մենեջմենթով զբաղվեի, որպեսզի կարողանայի չեմպիոնական գոտու հայտ ներկայացնել: Ստացվեց, կարողացա պայքարել այս գոտու համար, վարկանիշ ձեռք բերել, մենամարտ անցկացնել եւ հաղթել:

Այս հաղթանակում ինձ շատ օգնեց իմ պրոմոութեր Դոն Քինգը: Այժմ պայմանագիր ունեմ ամերիկյան «Don King» պրոմոութերական կազմակերպության հետ, որի հիմնադիր 92-ամյա Դոնալդ Քինգն է: Նա աշխատել է մեծ աստղերի հետ, ինչպիսիք են Մուհամեդ Ալին, Մայք Թայսոնը: Չնայած նրա տարիքին, շատ լավ է աշխատում այս ոլորտում: WBC վարկածով աշխարհի չեմպիոնական մենամարտը ես ունեցա նրա ճիշտ աշխատանքի շնորհիվ:

Արդեն երեք շաբաթ անցել է իմ չեմպիոնությունից, բայց ես նոր եմ զգում, որ աշխարհի չեմպիոն եմ, նոր եմ սկսում վայելել այս հաղթանակը: Երբ անցնի այս զգացողությունը, մի փոքր հանգստանամ, կմտածեմ հաջորդ քայլի կամ գոտին պաշտպանելու մասին: Յուրաքանչյուր մենամարտի պետք է մոտենաս առանձնահատուկ՝ չկարեւորելով գոտու մենամարտ է, թե վարկանիշային: Ինձ համար ամեն մենամարտ ասես առաջինը լինի եւ այդկերպ էլ մոտենում եմ, պատրաստվում»,- ասաց Նոել Միքայելյանը:

Նոել Միքայելյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա: Վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում:

«Ես շատ եմ սիրում ճամփորդել, աշխարհում շատ տեղեր եմ եղել: Երբ 4 տարեկան էի, ծնողներս որոշեցին տեղափոխվել Գերմանիա: Այդ շրջանում Հայաստանում դժվար ժամանակներ էին, Արցախի պատերազմն էր ու շատ դժվար էր երեխա պահելը: Իմ ծնողները որոշեցին գնալ Գերմանիա, քանի որ հայրական կողմից տատիկս գերմանացի էր: Մենք գնացինք որպես փախստական: Գերմանիայում շատ դժվար էր հաստատվել, քիչ էին հայերը, մեր մշակույթին քչերն էին ծանոթ եւ դժվար էր մարդկանց հետ շփումը:

Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել Գերմանիայում: Մանկությանս երազանքն էր ուժային մարզաձեւով զբաղվել, կռվել սովորել: Երբ Հայաստանում էինք ապրում, մութ ու ցուրտ տարիներս մայրիկս միշտ ինձ նստեցնում էր հեռուստացույցի առջեւ եւ Ժան-Կլոդ Վանդ Դամի ֆիլերը միացնում: Այդ տարիքից ինձ հետաքրքրել է կռիվները, բռնցքամարտը: Սկզբում հաճախում էի թաեքվոնդոյի, բայց չշարունակեցի, որովհետեւ չսիրեցի: Մի օր բռնցքամարտի տարան, սիրեցի ու մնացի այս մարզաձեւում: Այդ օրվանից երազեցի հասնել այսպիսի հաջողության, դառնալ աշխարհի չեմպիոն, ունենալ գոտի, բայց չէի հավատում, որ կստացվի: Մի քանի տարի անց սկսեցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար սփարինգ զուգընկեր աշխատել, աստիճանաբար տեղափոխվեցի պրոֆեսիոնալ բռնցքամարտ:

Գերմանիայում մի քանի մենամարտ անցկացնելուց հետո, իմ թիմից հիասթափվեցի, նրանց մենեջմենթն ինձ այլեւս դուր չէր գալիս: Որոշեցի տեղափոխվել ԱՄՆ, քանի որ արդեն այնտեղ մարզվում էի: Իմ մարզիչը Կուբայի թիմի գլխավոր մարզիչ Պեդրո Դիասն է: Մայամիում հաստատվեցի, որովհետեւ այնտեղ պրոֆեսիոնալ բռնցքամարտն ավելի զարգացած է: Այդ ընթացքում կորոնավիրուսը տարածվեց: Ստիպված եղա տնային մարզումներով բավարարվել: Երկու տարի մենամարտ չեմ արել, նորմալ մարզումներ չէինք անում: 2020 թվականին երկու չեմպիոնական մենամարտ անցկացրի՝ WBC International Cruiser եւ WBC Silver Cruiser գոտիների համար, երկուսում էլ հաղթեցի, վարկանիշս բարձրացավ եւ հնարավորություն ստացա WBC  աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտ անցկացնել»,- նշեց աշխարհի չեմպիոնը:

Նոել Միքայելյանը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Նրա խոսքով, տարիներ առաջ Գերմանիայում սեփական երկրի դրոշի ներքո հանդես գալը լուրջ խնդիր էր:

«Ես հանդես եմ գալիս Հայաստանի դրոշի ներքո: Վերջին մենամարտերում ներկայացրել եմ Հայաստանը: Երբ Գերմանիայում էի հանդես գալիս, Հայաստանը ներկայացնելը դժվարություն էր: Շատերն իրենց կարիերան սկսում էին Գերմանիայում, որտեղ բռնցքամարտիկին վճարում են հեռուստաալիքները: Մենեջերները միշտ ցանկանում էին, որ բռնցքամարտիկները ներկայացնեն Գերմանիան: Որպես հայ դժվար էր Հայաստանի դրոշի ներքո հանդես գալը: Հիմա ամեն ինչ փոխվել է, մենեջերների մտածելակերպը եւս փոխվել է: Ես վերջին մենամարտերում ցանկություն հայտնեցի ներկայացնել Հայաստանը եւ այդպես էլ արեցի ու հպարտ եմ դրանով»,- ընդգծեց Նոել Միքայելյանը:

WBC վարկածով աշխարհի չեմպիոնը Երեւանում գտնվելու օրերին մարզադահլիճից հետեւում է նաեւ պատանիների աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկների մրցելույթներին: Հայ պատանի բռնցքամարտիկներից մեդալների ակնկալիքներով ներկա է գտնվելու նաեւ  ԱԱ կիսաեզրափակիչներին եւ երզափակիչներին:

«Բոլոր մեր բռնցքամարտիկներին հետեւել եմ, երկրպագել եմ: Շատ ուրախ եմ եւ հպարտ, որ մենք՝ հայերս միշտ ուժեղ ենք բռնցքամարտից: Գիտեմ, որ այս օրերին Երեւանում անցկացվում է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Մի քանի մենամարտեր հետեւել եմ «Միկա» մարզադահլիճում: Ներկա կլինեմ նաեւ կիսաեզրափակիչներին եւ եզրափակիչներին: Հիանում եմ մեր պատանիներով: Բոլորը շատ ուժեղ են: Ուրախանում եմ յուրաքանչյուր հայի հաղթանակով ոչ միայն բռնցքամարտում: Մասնավորապես բռնցքամարտում մենք միշտ ուժեղ ենք եղել: Վստահ եմ, որ պատանիների աշխարհի առաջնությունում չեմպիոններ եւ մեդալակիրներ կունենանք»,- ավելացրեց Նոել Միքայելյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում