Մեզ համար աննախադեպ էր, որ մեծահասակների աշխարհի առաջնությունում ունեցանք 5 եզրափակիչի մասնակից եւ ռեկորդային թվով մեդակներ: Ոսկե մեդալի համար մեր սամբիստներին խանգարեց վստահությունն ու կաշկանդվածությունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սամբոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանը՝ ամփոփել Երեւանում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունը:
«Ճիշտ է, մենք այսօր ոսկի չունեցանք, բայց վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ աշխարհի առաջնություն ռեկորդային թվով մեդալներ նվաճեցինք: Մեծահասակների հավաքականը 10 մեդալ նվաճեց՝ 5 արծաթ եւ 5 բրոնզ: Կարծում եմ՝ մինչեւ հաջորդ տարի մեր հույսերը կարդարացնեն եւ 5 ոսկե մեդալ կունենան:
Սա շատ գեղեցիկ արդյունք է մեզ համար: Մի քիչ չհերիքեց ոսկուն, բայց մեր մեծահասակները երիտասարդներ են եւ դեռ նոր կասեն իրենց խոսքը մրցագորգում: Մեր տղաներին պակասեց վստահությունը եւ կարծում եմ, նրանց նաեւ մի փոքր խանգարեց կաշկանդվածությունը: Տանը մի քիչ կաշկանդվեցին, որովհետեւ պատասխանատվությունը մեծ էր: Ցանկանում եմ ընդգծել, որ նախադեպը չի եղել, որ Հայաստանը մեծահասակներում եզրափակիչի մասնակից ունենա»,- ասաց Վովիկ Խոջայանը:
Հայաստանի հավաքականը պայքարն ավարտեց առանց ոսկե մեդալի՝ 5 արծաթ եւ 5 բրոնզ: Արծաթե մեդալակիրներ դարձան՝ Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (98 կգ), մարտական սամբոյից Վահրամ Գրիգորյանը (64 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ): Բրոնզե մեդալակիրներ են Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Վահագն Չալյանը (88 կգ), մարտական սամբոյից Վաչիկ Վարդանյանը (71 կգ) եւ Արման Ավանեսյանը (98 կգ):
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սամբոյի աշխարհի առաջնությունն ավարտվեց փակման հանդիսավոր արարողությամբ:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում