19:45  ,  23 սեպտեմբերի, 2023

ԱԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի եւ Փարիզ-2024 ուղեգրի համար

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակիչում պարտվեց կասկածելի մրցավարության արդյունքում:

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալը մրցեց Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր ադրբեջանցի Հասրաթ Ջաֆարովի հետ եւ համառ պայքարում պարտվեց 3:5 հաշվով:

Առաջին եւ երկրորդ մրցափուլերում գորգի մրցավարը պասիվություն տվեց Սլավիկ Գալստյանին եւ պարտերում վերեւից աշխատելուց հնարավորություն տվեց միայն Ջաֆարովին: Առաջին դեպքում մրցակցին հաջողվեց գլորում անել, երկրորդ փորձի ժամանակ Սլավիկ Գալստյանը պաշտպանվեց: Գոտեմարտի ավարտին Սլավիկ Գալստյանը երկու միավորանոց գցում կատարեց եւ մեկ անգամ մրցակցին դուրս հրեց աշխատանքային գոտուց: 4:3 հաշվի դեպքում Արմեն Բաբալարյանը ջելենջ գցեց, բայց մրցավարները չբավարարեցին: Գոտեմարտն ավարտվեց 5:3 հաշվով մրցակցի առավելությամբ:

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել է  որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթել է Իտալիան ներկայացնող Իգնացիո Սանֆիլիպոյին: 1/16 եզրափակիչում 8:7 հաշվով առավելության է հասել Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աֆրիկայի քառակի չեմպիոն, Եգիպտոսի ներկայացուցիչ Մուհամեդ Էլսայեդի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Սլավիկ Գալստյանը ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուրատ Ֆիրադին:

Քառորդ եզրափակիչում Գալստյանը մրցեց Պանամերկյան խաղերի արծաթե մեդալակիր, ԱՄՆ ներկայացուցիչ Ալեխանդրո Սանչոյի հետ եւ գոտեմարտի մեկնարկից մեկ րոպե անց 4 գլորում հաղթանակի հասավ 9:0 հաշվով:

Աշխարհի առաջնության երրորդ մրցումային պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Հրաչյա Պողոսյանը(63 կգ) եւ Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ) պարտվել են:

Երեկոյան մրցահերթում աշխարհի առաջնության 5-րդ չեմպիոնության համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը (97կգ):

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում ոսկե մեդալը կվիճարկի Պանամերկյան խաղերի եւ Պանամերիկյան առաջնության չեմպիոն, Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Քինդելանի հետ: Նշենք, որ գյումրեցի ըմբիշը Բելգրադի մրցագորգում 4 հաղթանակ տանելուց հետո (10:4, 9:0, 9:0, 9:0) դուրս է եկել եզրափակիչ:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալի եւ Փարիզ-2024-ի ուղեգրի համար կպայքարի Գեւորգ Ղարիբյանը (60 կգ): 2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը Բելգրադի մրցագորգում երեք հաղթանակ տանելուց հետո (9:0, 3:1, 1:1), կիսաեզրափակիչում պարտվել է օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Ասիայի կրկնակի չեմպիոն Ճապոնիան ներկայացնող Կյենիչիրո Ֆումիտայի հետ եւ պարտվեց 1:5 հաշվով:

Գեւորգ Ղարիբյանի մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Լիգուո Չաոն է: 

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից բրոնզե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը (77կգ): Աշխարհի չեմպիոն, արդեն կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ23 աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:7 հաշվով հաղթել է աշխարհի եւ Ասիայի փոխչեմպիոն, Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեւ Ժադրաեւին:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խացերի ուղեգրեր են արդեն նվաճել Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը:  Հունահռոմեակ ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում