09:04  ,  7 հունիսի, 2023

Կարեն Աղամալյան․ ԵԽ-ում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարենք բոլոր օլիմպիական քաշերում

Հովհաննես Բաչկովն ամենայն հավանականությամբ բաց կթողնի Եվրոպական խաղերը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը վնասվածք ունի եւ դեռ պետք է վերականգնվի: Եվրոպական խաղերում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարենք բոլոր օլիմպիական քաշերում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Հայաստանի հավաքականն այս շրջանում պատրաստվում է Եվրոպական խաղերին, որը տեղի է ունենալու հունիսի 23-ից հուլիսի 3-ը Լեհաստանի Կրակով քաղաքում: Բռնցքամարտիկների համար Եվրոպական խաղերը օլիմպիական վարկանիշային է լինելու Փարիզ-2024-ի համար:

«Աշխարհի առաջնությունից հետո շատ կարճ ժամանակ ունեինք հանգստանալու համար: Արդեն ավարտել ենք Եվրոպական խաղերի նախապատրաստական առաջին փուլը: 10-օրյա հավաք ունեցանք Ծաղկաձորում, որտեղ շեշտադրությունը ֆիզիկական պատրաստականության վրա էր, ուժային աշխատանք ենք արել, սար ենք բարձրացել մի քանի անգամ: 10 օրվա մեջ մեծ աշխատանք ենք կատարել:

Հունիսի 7-ից սկսում ենք մարզումային երկրորդ փուլը: Երեւանի «Օլիմպավանում» հավաք կանցնենք մինչեւ Լեհաստան մեկնելը: Այստեղ շեշտը կդնենք տեխնիկա-տակտիկական աշխատանքի վրա, արագություն, սփարինգներ: Ժամանակի վրա ենք աշխատելու: Հավաքը կտեւի մինչեւ հունիսի 18-19-ը, դեռ հայտնի չէ, թե թիմը երբ է մեկնելու:

Եվրոպական խաղերի կազմն արդեն որոշված է, չնայած երկու քաշում դեռ ունենք անհստակություն: Լեհաստան կմեկնեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ): Դեռ պարզ չի 71 կգ քաշային կարգի մեր ներկայացուցիչը, ունենք թղթաբանական խնդիրներ:

Այս բոլորը օլիմպիական քաշային կարգերն են: Ափսոսում եմ, որ Ռաֆայել Հովհաննիսյանը ոչ օլիմպիական քաշում է հանդես գալիս եւ չի մասնակցելու Եվրոպական խաղերին: Տեսնենք՝ հետագայում ինչ կմտածենք նրա համար:

Ինչ վերաբերում է Հովհաննես Բաչկովին, նա 95 տոկոսով չի մասնակցի Եվրոպական խաղերին: Վնասվածք ունի, դեռ չի բուժել, մի քիչ վտանգավոր է:

Եվրոպական խաղերը բռնցքամարտիկների համար վարկանիշային առաջին մրցաշարն է: Ունենալու ենք եւս երկու վարկանիշային մրցաշարեր 2024 թվականին: Կլինի աշխարհի եւ եվրոպական գոտու համար վարկանիշային մրցաշարեր:

Եվրոպական խաղերում AIBA-ից մրցավար չի լինելու: Միջազգային օլիմպիական կոմիտեն թույլ չի տալիս, որ նրանք դատեն: Եվրոպական խաղերը բռնցքամարտիկների համար ամբողջությամբ կազմակերպելու եւ անցկացնելու է ՄՕԿ-ը:

Թիմն այս պահին նորմալ մարզավիճակում է: Աշխարհի առաջնությունից հետո դժվար է վերականգնվել: Երկու շաբաթ է անցել ընդամենը: Ծաղկաձորից հետո երկու օր հանգիստ տվեցի թիմին, հունիսի 7-ից վերսկսում ենք մարզումները: Ծանրաբեռնվածությունը մի փոքր կիջնի, կավելացնենք արագությունը:

Աշխարհի առաջնությունից առաջ մեծ աշխատանք էինք կատարել: Չէինք կարող տղաներին պահել, ասել՝ օլիմպիական վարկանիշայինի համար ձեզ պահեք: Աշխարհի առաջնությունն իր բարձր կարգն ունի, Եվրոպական խաղերը, որպես առաջին վարկանիշային մրցաշար, իր կարեւորությունն ունի: Այժմ այս իրավիճակն է, պետք է փորձենք պայքարել օլիմպիական ուղեգրերի համար: Միանշական է, որ աշխարհ առաջնությունն ավելի ուժեղ էր: Եվրոպական խաղերին Եվրոպան է մասնակցում եւ անհամեմատ թույլ է լինելու աշխարհից, բայց պայքարը ոչ պակաս թեժ է լինելու:

Այստեղ օլիմպիական ուղեգրեր են տալիս 1-4-րդ տեղերը, բայց ոչ բոլոր քաշային կարգերում:  57 կգ, 63,5 կգ , 71 կգ եւ 80 կգ քաշային կարգերում 1-4 տեղերն են, 51 կգ, 92 կգ եւ +92 կգ քաշային կարգերում ուղեգիր կնվաճեն եզրափակիչ դուրս եկած բռնցքամարտիկները: Սա դեռ հաստատված չի: Օլիմպիական խաղերում 51 կգ, 92 եւ +92 կգ քաշային կարգերում 16 մասնակից է լինելու: Մյուս քաշերում կարող է լինել 22 կամ 26 մասնակից»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Հիշեցնենք, որ տղամարդկանց Հայաստանի հավաքականը երկու շաբաթ առաջ է վերադարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից, որտեղ մասնակցում էր բռնցքամարտի աշխարհի առաջնությանը: Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականն աշխարհի առաջնությունում նվաճեց երկու բրոնզե մեդալ: 4-րդ անգամ բրոնզե մեդալակիր դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: Իր մարզական կարեիրայում առաջին անգամ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Մանասյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս