09:02  ,  15 մայիսի, 2023

Կարեն Աղամալյան․ 2 մեդալով ենք վերադառնում, բայց պիտք է լիներ 3 կամ 4 մեդալ

Հովհաննես Բաչկովի ոսկե մեդալը կորցրինք: Աշխարհի առաջնության արդյունքները գոհացնում են, բայց կարող էինք ունենալ 3 կամ 4 մեդալ: Թիմից գոհ եմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ուզբեկստանից ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը՝ ամփոփելով աշխարհի առաջնությունը:

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 1-14-ն անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը պայքարն ավարտեց երկու բրոնզե մեդալով: 4-րդ անգամ բրոնզե մեդալակիր դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: Իր մարզական կարեիրայում առաջին անգամ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Մանասյանը:

Մայիսի 15-ին Տաշքենդում Հայաստանի հավաքականի անդամները պարգեւատրվեցին: Կարեն Աղամալյանի խոսքով թիմը կարող էր նվաճել 3-4 մեդալ, իսկ Հովհաննես Բաչկովը կդառնար աշխարհի չեմպիոն, եթե նրա կիսաեզրափակիչի մենամարտը արդար մրցավարություն ունենար:

«Ընդհանուր թիմից գոհ եմ, չնայած սպասում էինք 3-4 մեդալ: Մեդալ էի սպասում Ռաֆայել Հովհաննիսյանից: Նա կարող էր: Այստեղ տարբեր մրցավարական հարցեր եղան:

Կային բռնցքամարտիկներ, որոնք կարող էին ավելի լավ արդյունք ցույց տալ, որովհետեւ գերազանց էին պատրաստվել: Բոլորն էլ այստեղ ասում են, որ Հայաստանի թիմը շատ պատրաստ էր այս առաջնությանը:

Հովհաննես Բաչկովից սպասում էինք ոսկի, սպասում էինք, որ դուրս կգա եզրափակիչ: Նա պատրաստ էր ոսկե մեդալ նվաճել: Բաչկովի կիսաեզրափակիչի մենամարտը չեմ կարող մեկնաբանել: Անհասկանալի էր, հատկապես առաջին ռաունդից հետո ամեն ինչ անհասկանալի էր: Չեմ սիրում ասել, թե մրցավարական խնդիրն է պատճառը, բայց մեզ սխալ դատեցին, միայն կասեմ, որ ոսկին կորցրինք:

Կիսաեզրափակիչում ուզբեկ մրցակիցը ուժեղ չէր, բայց պինդ տղա էր: Ես կարծեցի, որ երկրորդ ռաունդից այլեւս չի դիմանա, բայց երբ Բաչկովը հարված ստացավ, նոկդաուն գրանցվեց, երեւի դա ինչ-որ բան որոշեց: Միանշանակ կասեմ, որ Հովհաննեսն այս մենամարտում չի պարտվել:

Հովհաննես Բաչկովը հոգնած չէր: Նա հրաշալի մարզավիճակում էր: Կիսաեզրափակիչը նրա չորրորդ մենամարտն էր: Մինչ այս պահը ոչ ոք չգիտեր, բայց նա ձեռքի վնասվածք ուներ: Յուրաքանչյուր մենամարտից հետո ներարկումներ էինք անում եւ պատրաստում հաջորդին: Երեք մենամարտ հաղթեց, երեքն էլ մեկը մյուսից ծանր էր: Այս քաշային կարգում երիտասարդներն արդեն աճել են եւ ուժեղ պայքար է գնում:

4-րդ բրոնզե մեդալը նվաճեց: Ինքն էլ շատ ծանր վիճակում է: Նա պատրաստ էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել ու կլիներ, եթե կիսաեզրափակիչի մենամարտն այդպես անարդար չդատեին:

Եթե այդպես դատենք, Ռաֆայել Հովհաննիսյանն էլ կարող էր բրոնզե մեդալակիր դառնալ: Այդ քաշում նա ուներ բոլոր հնարավորությունները: Նարեկ Մանասյանը շատ լավ դրսեւորեց իրեն: Մեդալի մեծ սպասելիք ունեի նաեւ Արթուր Բազեյանից:

Աշխարհի առաջնությունում թույլ բռնցքամարտիկներ չկան: Ամբողջ աշխարհը բռնցքամարտ է անում: Մեզ էլ ասում են, որ Հայաստանի թիմը մրցունակ է, պայքարում է:

Մեկ ամսից Եվրոպական խաղերն է, որն օլիմպիական վարկանիշային է: Դեռ չգիտենք՝ ինչպես ենք պատրաստվելու, ինչ փուլերով, ինչպես ենք անելու, որ տղաները վերականգնվեն: Այս աշխարհի առաջնությունը ոչինչ չէր տալիս, բացի պարգեւավճարներից: Առաջին անգամ դրամական պարգեւներ ստացան նաեւ 5-րդ տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները:

Բրոնզե մեդալակիրները պարգեւատրվեցին 50 հազարական դոլարներով, արծաթե մեդալակիրները՝ 100 հազար, ոսկե մեդալակիրները՝ 200 հազար:

Անկեղծ կլինեմ՝ այս արդյունքը լավ է: Ես գոհ եմ իմ աշխատանքից: Երկու մեդալով ենք վերադառնում, բայց պիտի լիներ 3 կամ 4 եւ, ինչպես արդեն ասացի՝ կորցրինք ոսկե մեդալ»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Հիշեցնենք, որ 63,5 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հովհաննես Բաչկովը մենամարտեց Ուզբեկստանի ներկայացուցիչ, Ասիայի չեմպիոն  Ռուսլան Աբդուլաեւի հետ եւ պարտություն կրեց 0:5 հաշվով։ Երեք ռաունդներում էլ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց ուզբեկ բռնցքամարտիկին։

Նարեկ Մանասյանը 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում մենամարտեց Իտալիան ներկայացնող աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Ազիզ Աբես Մուհիդինեի հետ եւ պարտություն կրեց 0:5 հաշվով։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով