15:16  ,  9 մայիսի, 2023

Մոդրիչը պատրաստ է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին, «Ռեալի» նախախաղային մարզումը (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կմասնակցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպմանը։ Այդ մասին հայտնել է Արքայական ակումբի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, փոխանցում է AS-ը։

Մոդրիչը մկանային վնասվածք էր ստացել ապրիլի 25-ին «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության խաղում (2:4)։

Մայիսի 6-ին տեղի ունեցած Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մոդրիչը դուրս եկավ փոխարինման՝ անցկացնելով 8 րոպե։ «Ռեալը» «Օսասունային» հաղթեց 2:1 հաշվով եւ 20-րդ անգամ դարձավ երկրի գավաթակիր։

«Երբ Մոդրիչը լավ վիճակում է, նա խաղում է։ Հիմա նրա մոտ ամեն ինչ լավ է, եւ նա կխաղա։ Կիսապաշտպանությունում կլինի Մոդրիչը եւ եւս երկու խաղացող»,- ասել է Անչելոտին։

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա մայիսի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի կիսաեզրափակիչում «Ռեալը» «Մանչեսթեր Սիթիին» հաղթել էր երկու հանդիպումների արդյունքում (3:4, 3:1)։ Եզրափակիչում Արքայական թիմը 1:0 հաշվով հաղթել էր անգլիական «Լիվերպուլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում