Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երկրորդ հաղթանակը տարավ Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը:
86 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում նա մենամարտեց Թուրքիայի ներկայացուցիչ Հական Կոչի հետ եւ հաղթանակի հասավ նոկդաուններով ժամանակից շուտ:
Առաջին ռաունդում Ռաֆայել Հովհաննիսյանը հիմնականում պաշտպանվում էր, նրա հարվածները չէին հասնում նպատակին: Այս ռաունդում մրցավարները չնչին տարբերությամբ միավորների առավելությունը տվեցին թուրք բռնցքամարտիկին:
Երկրորդ ռաունդում Եվրոպայի փոխչեմպիոնն ավելացրեց ճնշումը եւ երեք անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին: Մենամարտն ավարտվեց ժամանակից շուտ Ռաֆայել Հովհաննիսյանի տպավորիչ հաղթանակով:
Ռաֆայել Հովհաննիսյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով պարտության էր մատնել Իսրայելի ներկայացուցիչ Յան Զաքին:
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ է դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը։
Մայիսի 8-ին Մանասյանը 92 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում 5:0 հաշվով առավելության է հասել իրանցի Պուրիա Ամիրիի նկատմամբ եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Նարեկ Մանասյանը 1/16 եզրափակիչում նոկադուններով ժամանակից շուտ հաղթանակի էր հասել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Մբանգի Մուկիենայի նկատմամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիրը մենամարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Բիլգե Կագանի հետ եւ հաղթել 5:0 հաշվով։
Աշխարհի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել նաեւ Գուրգեն Մադոյանը (67 կգ)։ 1/16 եզրափակիչում նա 5:0 հաշվով պարտության է մատնել չինական Տայպեյի ներկայացուցիչ Լին Յունին:
Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (92+ կգ) 1/16 եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել է չինացի Դանաբիեկե Բայկեվուզիին։ Բարեղամ Հարությունյանը (48 կգ) 1/16 եզրափակիչում 0:4 հաշվով պարտվել է կուբացի Ալեխանդրո Կլարոյին։ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) 1/16 եզրափակիչում 1:4 հաշվով պարտվել է Տայպեի ներկայացուցիչ Պո-Վեյ Տուին։
Եվրոպայի փոխչեմպիոն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 1/16 եզրափակիչում 5:0 հաշվով հաղթել էր իրանցի Պոուրիա Աբդուլմալեկիերին։ 1/8 եզրափակիում 1:4 հաշվով պարտվել է հորդանանցի Յուսեֆ Յաշաշին:
54 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուսլան Ասլիկյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում մենամարտում 0:5 հաշվով պարտվել է Վենեսուելայի ներկայացուցիչ Սեգունդո Ֆինոլ Ռիվասին:
60 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանը 1/16 եզրափակիչում նոկաուտով հաղթել էր Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին, 1/8-րդ եզրափակիչում պարտվել է Զամբիայի ներկայացուցիչ Էնդրյու Չիլատային։
Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/16 եզրափակիչում պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում