13:16  ,  3 մայիսի, 2023

Արմեն Բաբալարյան․ Շնորհավորում եմ հայ ազգին այս մեծ հաղթանակների համար

Եվրոպայի առաջնությունում մի քանի քաշային կարգերում սայթաքումներ ունեցանք, մեդալներ կորցրինք: Ով, ինչքան կարող էր, այդքան արեց: Կարեւորը մեդալների քանակը չի: Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը բոլորիս շատ ուրախացրին: Շնորհավորում եմ հայ ազգին այս մեծ հաղթանակների համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը

Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը եւ մարզիչներն ամփոփել են Զագրեբում անցկացված Եվրոպայի առաջնությունը:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 20-23-ն անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը նվաճեց երկու ոսկե, մեկ բրոնզե մեդալներ: Ոսկե մեդալակիրներ դարձան Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալակիր՝ Հրաչյա Պողոսյան:

«Շնորհակալ եմ բոլորին մեզ աջակցելու համար, նաեւ շնորհավորում եմ բոլորիս, հայ ազգին այս հաղթանակների համար:

Մասնակցեցինք բոլոր քաշային կարգերում: Մի քանիսից գոհ եմ, որոշներից դժգոհ եմ: Կարող էին մեդալներն ավելի շատ լինել, բայց այս անգամ բավարարվեցինք երեք մեդալով:

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը այնքան էլ լավ հանդես չեկավ: Նրա մրցելույթներից այդքան էլ գոհ չեմ: Կարող էր անել  ավելին:

60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը վիրահատությունից հետո չէր մասնակցել միջազգային մրցաշարերի: Այստեղ Էդմոնդ Նազարյանին պարտվելուց հհետո բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց ադրբեջանցի մրցակցին: Ինչ-որ բան նրան չբավականացրեց:

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն իր առաջին մեդալը նվաճեց մեծահասակներում: Ցանկանում եմ, որ նրա համար շարունակական լինի, բայց ավելի պարզ գույնի մեդալով: 

67 կգ քաշային Սլավիկ Գալստյանից էլ գոհ չեմ: Վատ հանդես եկավ: Անհասկանալի պատճառներով պարտվեց Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշին:

72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը լավ հանդես եկավ: Երկու հաղթանակ տանելուց հետո հանդիպեց նախորդ տարվա աշխարհի չեմպիոնին: Նրանից դժգոհ չեմ, բայց կարող էր ավելին, նույնիսկ հաղթող լինել:

77 կգ քաշային կարգում փայլուն հանդես եկավ Մալխաս Ամոյանը: Եզրափակիչ գոտեմարտում մինչեւ վերջին վայրկյանները չգիտեմ ինչու ներքին ձայնս չէր ուզում հավատալ, որ նա կպարտվի: Ցայտուն ցատկով կորզեց հաղթանակ: Սա իսկական չեմպիոնական հոգեբանություն է, հաղթելու ցանկությունն է: Նա առաջինը լինելու մեծ կամք դրսեւորեց: Մեծ գնահատական կարելի է տալ նրա եզրափակիչի գոտեմարտին:

82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը նույնպես վատ հանդես չեկավ: Նա երիտասարդ է, անփորձ է: Շտապողականությունը խանգարեց նրան:

87 կգ քաշային Վիգեն Նազարյանից այդքան էլ գոհ չեմ: Գոհ կլինեի, եթե երրորդ գոտեմարտն էլ հաղթեր:

Արթուր Ալեքսանյանի գնահատականը գերազանց է, կարծում եմ որեւէ մեկնաբանություն տալու կարիք չկա: Եզրափակիչում չէի նկատել, որ բուլղարացին հարվածել էր ոտքին եւ վնասվածք էր ստացել: Կարելի է ասել, որ նա մեկ ոտքով հաղթեց, 5 րոպե 55 վայրկյան գոտեմարտեց մեկ ոտքով: Արթուրի համար անսովոր չէ վնասվածքով գոտեմարտելը:

130 կգ քաշային Դավիթ Օվասապյանից գոհ եմ: Նրա մոտ արդեն տեսնում ենք շարժ: Հույս ունենք, որ նա կավելացնի եւ հաջորդ մրցաշարերում մեզ կուրախացնի:

Ֆիզիկապես, տեխնիկապես, տակտիկապես հոգեբանորեն ով ինչքան պատրաստ էր, այդքան էլ արեց: Կարեւորը մեդալների քանակը չի: Իհարկե, մեդալներ կորցրինք՝ Ռուդիկ Մկրտչյանը, Գեւորգ Ղարիբյանը, Շանթ Խաչատրյանը 72 կգ քաշային կարգում բացարձակ կարող էր մեդալակիր դառնալ, նույնիսկ հաղթող ճանաչվել: Այս մի քանի քաշերում սայթակումներ եղան: Ով է ասել, որ 10 քաշային կարգերում էլ մեդալներ պիտի նվաճեինք: Ես շատ եմ ցանկանում բոլոր քաշերում էլ ոսկե մեդալակիրներ ունենանք: Մի քիչ դժվար է»,- ասաց Արմեն Բաբալարյանը:  

Հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը նույնպես ավել մեդալների ակնկալիք ուներ: Ըստ նրա, կան խնդիրներ, որոնք կփորձեն լուծել մինչեւ աշխարհի առաջնություն:

«Մենք ավելի շատ մեդալ էինք սպասում: Կան խնդիրներ, որոնք կփորձենք լուծել: Առջեւում աշխարհի առաջնությունն է, օլիմպիական վարկանիշային է եւ առաջնային խնդիրը վարկանիշներ ձեռք բերելն է: Կփորձենք այնպես անել, որ միայն վարկանիշներով չբավարարվենք, նաեւ հաղթանակներ ունենանք եւ ուրախացնենք մեր ազգին»,- նշեք Գեւորգ Ալեքսանյանը:

Հայաստանի հավաքականը կպատրաստվի աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է լինելու Փարիզ-2024-ի համար:

«Մենք ունենք 6 օլիմպիական քաշային կարգ: Այդ քաշերում ունենք լավ մարզիկներ, որոնք դեռ պետք է վերադառնան, վերականգնվեն, մասնակցեն մրցաշարերի: Տեղում էլ օլիմպիական քաշերում ունենք լավ տղաներ: Բոլորն էլ կպատրաստվեն: Թիմում պետք է ուշադրություն դարձնենք օլիմպիական քաշային կարգերին: Պետք է աշխատենք, որ ավելի շատ ուղեգրեր նվաճենք: Ամեն ինչ կանենք, որ բոլոր 6 քաշային կարգերում հնարավորություն ունենանք ուղեգիր նվաճել: Եթե չստացվի, գոնե ուղեգրերի քանակը շատ լինի»,- ավելացրեց Արմեն Բաբալարյանը:

Աշխարհի առաջնությունը տեղի կունենա սեպտեմբերի 16-24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում