18:27  ,  23 ապրիլի, 2023

ԵԱ․ Վարազդատ Լալայանի եւ Սիմոն Մարտիրոսյանի պարգեւատրումը (ֆոտո, վիդեո)

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ծանրամարտի +109 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի եւ մեդալակիրների պարգեւատրման արարողությունը (տեսանյութ):

+109 կգ քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչներ Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը պարգեւատրվեցին երկամարտի արծաթե եւ բրոնզե մեդալներով:

Վարազդատ Լալայանը երկամարտի 462 կգ արդյունքով (212+250) դարձավ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն: Նա նաեւ պարգեւատրվեց պոկում եւ հրում վարժությունների փոքր արծաթե մեդալներով:

Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 440 կգ արդյունքով (195+245) բրոնզե մեդալակիր է: Նա պարգեւատրվեց նաեւ առանձին վարժությունների երկու փոքր բրոնզե մեդալներով:

Այս քաշային կարգում 7-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց վրացի Լաշա Տալախաձեն: Նա երկամարտում գրանցեց 474 կգ արդյունք (222+252):

Գերծանր քաշայինների պայքարն անցավ լեփ-լեցուն տրիբունաներով: Երկրպագուները հայ ծանրորդների մոտեցումներն ուղեկցեցին մեծ աջակցությամբ, վանկարկումներով եւ ցնծությամբ:

Եվրոպայի չեմպիոնին եւ մեդալակիրներին պարգեւատրեց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում