15:35  ,  23 ապրիլի, 2023

ԵԱ․ Ջուլիետա Ավանեսյանը 9-րդն է (ֆոտո)

Երեւանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին  մրցումային օրը Հայաստանի առաջին ներկայացուցիչ կանանց +87 կգ քաշայիների A խմբի պայքարին մասնակցող Ջուլիետա Ավանեսյանը երկամարտի 211 կգ արդյունքով 9-րդն է:

18-ամյա ծանրորդը պոկում վարժությունը մեկնարկեց 90 կգ-ով: Երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ պոկեց 95 կգ: Երրորդ մոտեցման համար նախատեսված 97 կգ-ը ձախողեց:

Այս վարժությունում պայքարն ավարտեց 8-րդ տեղով:

Հրում վարժությունում նախ բարձրացրեց 110 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 116 կգ: Երրորդ 119 կգ մոտեցումը ձախողեց: Այս վարժությունում Ավանեսյանը 8-րդն է:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը երրորդ անգամ նվաճեց Մեծ Բրիտայինայի ներկայացուցիչ Էմիլի Քեմբելը երկամարտի 253 կգ արդյունքով:

Արծաթե մեդալակիր է դարձել Անաստասիա Հոթֆրիդ ՝երկամարտի 252 կգ արդյունքով (117+135): 

Բրոնզե մեդալակիր Վալենտինա Կիսիլ երկամարտի 244 կգ արդյունքով (111+133):

Քիչ անց մրցահարթակ դուրս կգան տղմարդկանց գերծանր քաշայինները: +109 կգ քաշային կարգում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ աշխարհի փոխչեմպիոն եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր  Վարազդատ Լալայան եւ 109 կգ քաշային կարգում կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյան:

Վարազդատ Լալայանի նախնական հայտը երկամարտում 450 կգ է: Սիմոն Մարտիրոսյանը հայտավորվել է 435 կգ-ով:

Նշենք, որ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը փոխել է քաշային կարգը, քանի որ 109 կգ քաշային կարգն այլեւս օլիմպիական չէ: Այս քաշային կարգում նախկինում պայքարում էր օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, որն այժմ հանդես է գալիս Բահրեյնի հավաքականի կազմում:

Այս քաշային կարգում ֆավորիտը շարունակում է մնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն, 6-ակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն:

Նրա նախնական հայտը երկամարտում 465 կգ է: Հայ ծանրորդների միակ մրցակիցը հենց Լաշա Տալախաձեն է:

Տղամարդանց +109 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի 16:00-ին:

Ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանն այդ պահին առաջին տեղում է՝ երկամարտի 4 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալով։

Երկամարտում Եվրոպայի չեմպիոն են դարձել Գոռ Սահակյանը (67 կգ),  Դավիթ Հովհաննիսյանը (92), Գարիկ Կարապետյանը (102 կգ) եւ Սամվել Գասպարյանը (109 կգ)։

Երկրորդ տեղում է Ռումինիան՝ 3 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե։

Լավագույն եռյակը եզրափակում է Ուկրաինան՝ 2 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար:

Փարիզ-2024-ի օլիմպիական քաշային կարգերն են՝ 61 կգ, 73 կգ , 89 կգ, 102 կգ , +102 կգ:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում