17:07  ,  16 ապրիլի, 2023

Հակոբ Սերոբյան․ Մեզ շատ պետք էր այս հաղթանակը Թուրքիայում

Անչափ ուրախ եմ այս հաղթանակի համար: Առաջին անգամ էինք մեծահասակներում Թուրքիայում մասնակցում մրցաշարի եւ դրոշ բարձրացնում: Մեզ շատ պետք էր այս հաղթանակը այստեղ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Անթալիայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ մեկնաբանելով Արթուր Դավթյանի փառահեղ հաղթանակը Եվրոպայի առաջնությունում:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը փայլուն ցատկերով Անթալիայում հռցաչվեց Եվրոպայի չեմպիոն: Նրա պատվին հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացավ դրոշը: Եզրափակիչում Դավթյանը վաստակեց ամենաբարձր 15.033 միավոր: 

«Շատ ուրախ եմ: Անբացատրելի զբացողություններ ունենք բոլորս: Ապրիլի 24-ի չեմպիոնությունից, Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճելուց եւ աշխարհի չեմպիոն դառնալուց տարբերվում է Արթուրի այսօրվա հաղթանակը, որովհետեւ Թուրքիայում է: Մեզ շատ էր պետք այս հաղթանակը այստեղ՝ Թուրքիայում: Առաջին անգամ էինք մրցաշարի մասնակցում մեծահասակներում եւ դրոշ բարձրացնում: Այսօր եւս այստեղ ամեն ինչ նորմալ էր, շատ լավ ընդունեցին: Ինձ համար զարմանալի էր, որ հիմնը մինչեւ վերջ հնչեց: Սովորաբար կարճ է հնչում, այստեղ մինչեւ վերջ հնչեց: Շատ լավ է ամեն ինչ: 

Արթուրը շատ լավ կատարեց ցատկերը: Երկրորդ ցատկը կատարյալ արեց եւ ամենաբարձր միավորը վաստակեց: Իրականում շատ մեծ աշխատանք կատարեց Արթուրն այստեղ՝ 6 գործիքով աշխատեց, հաջորդ օրը եզրափակիչում 6 գործիքով աշխատեց, նժույգ թափերում բրոնզե մեդալ նվաճեց: Երկու մեդալ տարբեր գործիքներից, առաջին անգամ ենք ունենում նման հաջողություն: Երիտասարդներում Համլետ Մանուկյանը երկու մեդալ նվաճել էր մի մրցաշարում, բայց մեծահասակներում չէինք ունեցել նախադեպ, որ մի մարզիկը երկու տարբեր գործիքներից մեդալ նվաճի»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Եվրոպայի չեմպիոնը եւ Հայաստանի թիմը Թուրքիայից հայրենիք կվերադառնան այս գիշեր 02:00-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով