23:14  ,  15 ապրիլի, 2023

Հակոբ Սերոբյանը՝ Անթալիայից․ Ուրախ եւ հպարտ եմ, որ երկու անգամ Թուրքիայում բարձրացավ Հայաստանի դրոշը

Սպասում էի, որ այսօր որեւէ պրովոկացիա կլինի մեր հանդեպ, բայց ամեն ինչ նորմալ անցավ: Ուրախ եւ հպարտ եմ, որ երկու անգամ Թուրքիայում բարձրացավ Հայաստանի դրոշը: Վաղն, Աստծո կամքով, մեր հիմնը կհնչի, ինչն էլ կլինի մեր կռիվն ու հաղթանակը սպորտի ոլորտում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Թուրքիայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Ապրիլի 15-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում հայ մարմնամարզիկները երկու մեդալ նվաճեցին նժույգ թափեր եւ օղակներ վարժություններում: Նժույգ թափեր վարժության բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը, օղակների վարժությունում երկրորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Վահագն Դավթյանը:

Հակոբ Սերոբյանի խոսքով Արթուր Դավթյանի մեդալը նժույգ թափերում անսպասելի էր, իսկ Վահագն Դավթյանի արդյունքը գերազանց է:

«Այսօր գերազանց արդյունքներ գրանցեցինք, ինչ համար շատ ուրախ եմ: Գերլարված պայքար էր, ուժեղագույն, տիտղոսակիր մարզիկներ էին մասնակցում եւ մենք մեդալներով ավարտեցինք մեր պայքարը այս վարժություններում: 

Անկեղծ կլինեմ, նժույգ թափերում Արթուր Դավթյանից մեդալ չէինք սպասում: Շատ լավ ստացվեց: Նա բազմամարտ էր արել, 6 գործիք, իսկապես չէինք սպասում: Մենք այս գործիքի վրա երկու ավելի բարդ անողներ ունենք: Արթուրի վարժությունը ամենացածր բարդություն ունեցողն էր: Նա բրոնզե մեդալակիր դարձավ մաքուր կատարելու շնորհիվ: Արթուրի եզրափակիչ մտնելն արդեն մեծ ձեռքբերում էր:

Վահագն Դավթյանը զիջեց գործող աշխարհի չեմպիոնին, հաղթեց օլիմպիական չեմպիոնին: Օղակների վարժությունում շատ լուրջ պայքար էր: Այս մեդալը գերազանց արդյունք էր:

Արթուր Ավետիսյանի վերջին ցատկը լավ չստացվեց, բայց ինձ գոհացնում է այն, որ Եվրոպայի 8 ուժեղագույնների մեջ ունենք երկու մասնակից:

Սպասում ենք Արթուր Դավթյանի վաղվա մրցելույթին: Այստեղ արդեն մեծ ակնկալիք ունենք: Նա գործող աշխարհի չեմպիոնն է, վարժության առաջատարը: Իհարկե, ուժեղագույններ են պայքարում, բայց սպասում ենք հաջող մրցելույթ եւ բարձր արդյունք»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ նախորդ օրը Երեւանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցած Ադրբեջանի դրոշի միջադեպը որոշակի լարվածություն է առաջացրել մրցավայրում:

«Այստեղ այսօր ամեն ինչ նորմալ ընթացավ, բայց կար որոշակի լարվածություն: Մենք գտնվում ենք Թուրքիայում եւ սպասելի էր, որ երեկվա միջադեպից հետո կարող էր լինել ինչ-որ խնդիր: Մենք, իհարկե, ամեն ինչ կանեինք, որ խնդիր չլիներ, բայց չմոռնանանք, որ գտնվում ենք Թուրքիայում, եվրոպական ֆեդերացիայի նախագահը ադրբեջանցի է եւ նրանց սպորտի նախարարը:

Լարվածություն կար մեր գալու առաջին օրերին: Նախ Հայաստանի դրոշի փոխարեն մրցումային դահլիճում Կոլումբիայի դրոշն էին կախել: Ես անմիջապես բողոք ներկայացրեցի, փոխեցին:

Դրանից բացի առավոտյան ժամը 5-ին մուտք էին գործել մարզիկների սենյակ եւ դոպինգ  անցկացրել: Այս ամենը ինձ շատ բարկացրեց, որովհետեւ առավոտ շուտ սենյակ ներխուժելն ինձ համար անհասկանալի էր: Ես բարձրաձայնեցի խնդիրների մասին: Ինձ կողքից ասացին, որ փորձենք ուշադրություն չդարձնել, քանի որ փորձ է արվել մեզ նյարդայնացնել, մարզիկների հոգեբանական վիճակի վրա ազդել: Չեմ կարող ասել, որ այս ամենը միտումնավորություն էր, բայց որեւէ այլ երկրում նման երեւույթներ չեն եղել:

Այսօր առավոտյան եկա մրցումների դահլիճ, տեղեկացա Երեւանում տեղի ունեցածի մասին: Ես իրականում տեղյակ չէի: Նման քայլերը չեմ ընդունում, կուզեմ, որ յուրաքանչյուրս մեր ոլորտում հաղթենք, ինչպես, օրինակ, սպորտում: Չեմ պատկերացնում, թե ինչ տեղի կունենար, եթե մեր դրոշն էլ այստեղ վառեին այսօր: Սպասում էի, որ  այդ դեպքից հետո մեզ այսօր պրովոկացիայի կենթարկեն, բայց ամեն ինչ նորմալ անցավ: Մենք, իհարկե, կպատասխանեինք իրենց պրովոկացիային, բայց լավ չէր լինի: Մեզ համար էր լարված իրավիճակ, որպեսզի հանկարծ ոչինչ տեղի չունենար: Խոսակցություններ էին շրջանառվում, որ այսպիսի բան է տեղի ունեցել: Շուրջս անընդհատ խոսում էին այդ մասին:

Ուրախ եւ հպարտ եմ, որ այսօր երկու անգամ Թուրքիայում բարձրացավ Հայաստանի դրոշը: Վաղն, Աստծո կամքով, մեր հիմնը կհնչի, ինչն էլ կլինի մեր կռիվն ու հաղթանակը սպորտի ոլորտում»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Ապրիլի 16-ին Արթուր Դավթյանը կմասնակցի նաեւ հենացատկի եզրափակիչին: Որակավորման փուլում այս վարժության աշխարհի գործող չեմպիոնը ամենաբարձր՝ 15.066 միավորով է դուրս եկել եզրափակիչ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով