00:50  ,  12 ապրիլի, 2023

«Ինտերը» հաղթեց «Բենֆիկային», «Մանչեսթեր Սիթին»՝ «Բավարիային» (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։

3:0 հաշվով հաղթեց կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը։ «Մանչեսթեր Սիթիից» 27-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը։ Նրան գոլային փոխանցում կատարեց պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան, որը 70-րդ րոպեին կրկնապատկեց մանչեսթերյան թիմի առավելությունը։ Գոլային փոխանցման հեղինակը նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն էր, որը 7 րոպե անց նաեւ գոլ խփեց։

Օրվա մյուս խաղում Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» Լիսաբոնում հյուրընկալվեց «Բենֆիկային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

51-րդ րոպեին իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի փոխանցումից հետո պորտուգալական թիմի դարպասը գրավեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։

82-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

«Ինտերի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Այս թիմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն ապրիլի 19-ին։

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Մանչեսթեր Սիթի» - «Բավարիա» 3:0 (տեսանյութ)

Ռոդրիգո Էրնանդես, 27, Բերնարդու Սիլվա, 70, Էրլինգ Հոլանդ, 77

«Բենֆիկա» - «Ինտեր»` 0:2 (տեսանյութ)

Նիկոլո Բարելա, 51, Ռոմելու Լուկակու, 82, 11մ

Ապրիլի 12

«Միլան» - «Նապոլի»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

«Ռեալ Մադրիդ» - «Չելսի»՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով