16:35  ,  30 մարտի, 2023

Էրիկ Իսրայելյան․ Չեմ հրաժարվում քաղաքացիությունից, հրաժարվում եմ Հայաստանը ներկայացնելուց

Ես չեմ հրաժարվում Հայաստանի քաղաքացիությունից, իմ ազգանունից եւ անձնագրից, ես հրաժարվում եմ Հայաստանը ներկայացնելուց, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ներկայացնելուց:

Ինձ իմ երկրում պատշաճ վերաբերմունք ցույց չեն տալիս, սպորտի փոխանախարարն ինձ խաբում է, ֆեդերացիայի նախագահը պատշաճ չի դիմավորում, այդ պատճառով որոշումս վերջնական է եւ կներկայացնեմ ուրիշ երկիր:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բռնցքամարտի երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը:

Մի քանի օր առաջ մարզիկը ֆեյսբուքյան գրառումով հայտնել էր, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից։ Լրագրողների հետ զրույցում բռնցքամարտիկը հաստատեց իր որոշումը, բայց չմանրամասնեց, թե որ երկիրն է պատրաստվում ներկայացնել եւ ինչ առաջարկ է ստացել:

«Իմ երկրում ինձ պատշաճ ձեւով չեն ընդունել, դիմավորել, չեն հրավիրել եւ շնորհավորել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո, ինձ համար չեն արել այն, ինչ խոստացել էին, այդ ամենը տեսնելով՝ ես որոշել եմ այլեւս Հայաստանը չներկայացնել:

Ֆեդերացիայի նախագահը, փոխնախագահ, ԿԳՄՍ նախարար, փոխնախարար ոչինչ չեն արել: 2022 թվականի դեկտեմբերին ես գրառում կատարեցի իմ հեռանալու որոշման մասին, Կարեն Գիլոյանը հանդիպեց ինձ, իմ խնդիրը լսեց, եկավ մեր տուն, իմ խնդիրը տեսավ եւ խոստացավ, որ ինձ կօգնի բնակարան ձեռք բերել բանկով, կանխավճարն էլ իրենք կտան:

Նա խոստացավ ինձ օգնել, ասաց որ կանխավճարի հարցում կդիմի ֆեդերացիայի նախագահին, ՀԱՕԿ նախագահին եւ այդ գումարը կմուծեն: Նաեւ խնդրեց, որ այդ խնդրի մասին լրատվամիջոցներում չբարձրաձայնեմ: Ամիսներ անց ես գտա տուն, Կարեն Գիլոյանը պայմանավորվածություն ձեռք բերեց բանկերից մեկի հետ, բանկը հաստատեց, բնակարանը գնեցին եւ մարտի 20-ին պետք է կանխավճարն անեինք 4 միլիոն 600 հազար դրամի չափով: Ես տան համար արդեն 800 դոլար կանխավճար էի տվել, իսկ 4 միլիոն 600 հազարը պետք է Կարեն Գիլոյանը փոխանցեր, ինչպես եւ խոստացել էր:

Այդ օրը ես զանգահարեցի Կարեն Գիլոյանին, նա ասաց, որ ես դիմեմ Ucom ընկերությանը, նրանք ինձ կտան գումար մարկետինգի դիմաց: Եվ այլեւս իմ զանգերին չպատասխանեց: Ես կորցրեցի իմ կանխավճարը եւ այն տունը, որը ցանկանում էի գնել:

Ես միշտ հպարտ եմ եղել ներկայացնել իմ երկիրը, ուրախացել եմ, որ իմ երկրի համար մեծ հաղթանակներ եմ տարել, հաղթել եմ թուրքին, ադրբեջանցուն եւ մեծ հպարտություն եմ զգացել, բայց երբ քո երկրում քեզ պատշաճ չեն գնահատում, իմաստ չեմ տեսնում շարունակել մնալ այստեղ: Դիմում եմ նաեւ վարչապետին, որ հետեւի, թե այս ոլորտում ինչ է կատարվում, ինչպես են խաբում մարզիկներին:

Ասում են, որ ինձ մեծ գումարներ են տալիս, ամեն ինչ սուտ է: Նախարարությունը ներկայացրել էր իմ պարգեւավճարների, աշխատավարձի հաշվետվությունը: Նրանք նշել էին, որ ինձ միանվագ տվել են 4 միլիոն 600 հազար դրամ: Սուտ է: Նրանք հաշվում են աշխատավարձով, նպաստով: Ես հաց էլ եմ ուտում, կարո՞ղ է դա էլ հաշվեն... Ես միանվագ այդքան գումար չեմ ստացել: Ես ստացել եմ գումարներ, պարգեւավճարներ, չեմ ասում չեմ ստացել, բայց այնքան չէ, որքան նշում են: Նրանք կրկնապատիկ են նշում, ես դրա կեսն եմ ստացել: 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ասում է 5 միլիոն եմ ստացել: Նա սպորտից, բռնցքամարտից գաղափար չունի, նա նույնպես ստում է: Ես հատուկ դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, որ հետեւի համակարգում ստախոսներ չլինեն:

Ես այժմ 440 հազար դրամ աշխատավարձ եմ ստացնում սպորտի նախարարությունից, այլեւս ոչ մի տեղից ես գումար չեմ ստանում: Ֆեդերացիայից նույնիսկ մեկ լումա չեմ ստացել այսքան ժամանակ, ոչ մի պարգեւատրում չի եղել Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո: ՀԱՕԿ-ից ես աշխատավարձ չեմ ստանում:

Ֆեդերացիայի նախագահի այսօրվա հայտարարությանը, թե ինձ օգնել է դառնալ Եվրոպայի չեմպիոն, ծիխաղելի է: Ես միայն ժպտում եմ, քանի որ իմ բոլոր հաղթանակները Եվրոպայի, աշխարհի առաջնություններում մաքուր են եղել, նոկաուտներով եւ նոկդաուններով: Նա ի՞նչ է ակնարկում, գումա՞ր է տվել իմ մրցակիցներին, որ ծեծ ուտե՞ն:

13 տարի դադարից հետո Հայաստանն իմ շնորհիվ ունեցավ աշխարհի չեմպիոն եւ ինձ պատշաճ չգնահատեցին: 

Թե որ երկիր եմ գնալու, միայն ես գիտեմ: Երբ կգնամ, այդ ժամանակ նոր իմ ազգին կասեմ: Որ երկիր էլ գնամ, որ երկրի համար էլ հաղթանակ տանեմ, կբարձրացնեմ նաեւ Հայաստանի դրոշը»,- ասաց Էրիկ Իսրայելյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում