Գերմանացի Յուլիան Նագելսմանը հեռացել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից։ Նրան փոխարինել է գերմանացի Թոմաս Տուխելը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Տուխելի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիսի 30-ը։ Նա մարտի 27-ի կսկսի աշխատանքը «Բավարիայում»։
Գերմանական մամուլը գրել էր, որ «Բավարիայի» ղեկավարությունը դժգոհ է թիմի արդյունքներից Բունդեսլիգայում։
Գերմանիայի առաջնության 25 տուրից հետո «Բավարիան» 52 միավորով երկրորդն է եւ առաջատար Դորտմունդի «Բորուսիայից» հետ է 1 միավոր։
Նագելսմանը «Բավարիան» գլխավորում էր 2021թ․ հունիսից։ 35-ամյա մասնագետի ղեկավարությամբ թիմը դարձել է Գերմանիայի չեմպիոն եւ կրկնակի սուպերգավաթակիր։
49-ամյա Տուխելի նախորդ ակումբը Լոնդոնի «Չելսին» էր, որը նրան հեռացրել էր 2022թ․ սեպտեմբերին։
2021 թվականին Տուխելի ղեկավարությամբ «Չելսին» դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։
Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաեւ գերմանական «Մայնցը», Դորտմունդի «Բորուսիան» եւ Փարիզի ՊՍԺ-ն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում