09:05  ,  23 մարտի, 2023

Արթուր Ոսկանյան․ Հայաստան - Թուրքիա խաղի համար կանխատեսումներս դրական են

Հայաստան - Թուրքիա խաղի համար կանխատեսումներս դրական են, լավ արդյունքի ակնկալիքներ կան. ամեն ինչ լավ է լինելու։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի սպորտային տնօրեն Արթուր Ոսկանյանը:

Արթուր Ոսկանյանը 2008 թվականի սեպտեմբերի 6-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Թուրքիա տնային հանդիպմանը: Արտագնա խաղը կիսապաշտպանը բաց է թողել վնասվածքի պատճառով: 15 տարի անց հավաքականի նախկին ֆուտբոլիստի հուշերը պատմական խաղի մասին դեռ վառ են: Մարտի 25-ին «Հանրապետականում» անցկացվելիք երկու երկրների հավաքականների երրորդ հանդիպումից սպասելիքները՝ բարձր:

Պարոն Ոսկանյան, այս օրերին բոլորի ուշադրությունն ուղղված է հավաքականին, մարտի 25, «Հանրապետական» ստադիոն: Ինչպե՞ս եք Դուք տրամադրված Հայաստան - Թուրքիա խաղին:

Ես լավատես եմ, միշտ լավն եմ մտածել: Հայաստան - Թուրքիա խաղի համար էլ կանխատեսումներս դրական են, լավ արդյունքի ակնկալիքներ կան. ամեն ինչ լավ է լինելու: Նոր մարզիչ ունենք, որը սիրում եմ կարգապահություն, թիմում դնում է կարգապահություն եւ իր աշխատանքով ցույց է տվել դա: Բացի այդ, մենք ունենք շատ լավ հավաքական: Միայն Հենրիխ Մխիթարյանն է բացակայում, մնացած մեր բոլոր ուժեղագույն ֆուտբոլիստները կազմում են եւ պատրաստվում են խաղին: Կարծում եմ՝ պետք է ակնկալել լավ խաղ ու հաղթանակ:

Ինչպե՞ս ազատել հավաքականին կրկնակի ճնշումից:

Մեզ մոտ երկրպագելու մշակույթը մի փոքր լավ չի: Միայն երկրպագուները չէ, մենք բոլորս ծայրահեղությունից ծայրահեղություն ենք: Մենք շատ շուտ բռնկվում ենք, ցանկանում ենք ամեն ինչ շատ շուտ լինի, այս պահին լինի: Նույնը ազգային հավաքականի նկատմամբ է: Օրինակ, Անգլիայի առաջնությունում թիմ կա, պարտվում է, բայց նրա երկրպագուները կանգնում եւ վերջում ծափահարում են իրենց սիրելի թիմին, որովհետեւ տեսնում են, որ ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին դաշտում, ամեն ինչ արեցին, բայց պարտվեցին: Այստեղ կապ չունի պարտությունը, կարեւորն այն է, որ թիմը դաշտում ամեն ինչ արեց: Այս մշակույթը պետք է հայ երկրպագուները, մարզադաշտ եկող ֆուտբոլասերն էլ ունենան: Փոխադարձ պետք է լինի այդ կապը. ֆուտբոլիստը պետք է հասկանա, որ ինքը դաշտում ամեն ինչ պետք է տա, երկրպագուն էլ տեսնի, որ իրենք ամեն ինչ տվել են: Ցանկացած թիմ, հավաքական, ֆուտբոլիստ առաջին հերթին ինքն է ցանկանում հաղթել, որովհետեւ դաշտում ինքն է խաղում:

Առաջիկա խաղում եւ հետագայում էլ ցանկացած արդյունքի պարագայում տղաները պետք է նվիրված խաղան, երկրպագուներն էլ տեսնեն այդ նվիրվածությունը: Ինչ արդյունք էլ լինի Հայաստան - Թուրքիա խաղում, պարտության, հաղթանակի պարագայում էլ պետք է լինենք մեր հավաքականի կողքին եւ փորձենք չքաղաքականացնել:

Հնարավո՞ր է: Ինչպե՞ս է եղել 2008-ին: Ի՞նչ ճնշում կար ազգային հավաքականի վրա այդ ժամանակ:

Այն ժամանակ երկու խաղում էլ պարտվեցինք 0:2 հաշվով: Ես խաղացի միայն առաջին խաղում, տանը, հետո վնասվածք ունեի, չխաղացի Թուրքիայում:

Այն ժամանակ երկու խաղերի ընթացքում էլ շատ մեծ լարվածություն կար: Ահավոր էր՝ ամեն օր, ամեն ժամ, հեռուստացույցով, փողոցում, նույնիսկ հյուրանոցում այդ խաղի մասին էին խոսակցությունները, բոլորը խոսում էին միայն այն մասին, որ երկրների նախագահներն են ներկա լինելու: Ամեն ինչ շատ քաղաքականացվել էր եւ ամեն ինչ շատ էր: Ճիշտ է՝ մարզիչներն ամեն ինչ անում էին, որ մենք չունենանք այդ լարվածությունը, չզգանք ճնշումը: Մենք էլ մեր հերթին, փորձառու ֆուտբոլիստներս, փորձում էինք երիտասարդներին հետ պահել այդ ամենից, քաղաքականությունից, բայց ամեն դեպքում. խաղին դա երեւաց:

Թիմում կար լարվածություն, ավելի երիտասարդների մոտ շտապողականություն: Այս ամենն ազդեց մեր խաղի վրա: Հիմնականում սա էր պարտության պատճառը: Այդ ճնշման տակ էր, որ արդեն 36-րդ րոպեին, եթե հիշողությունս չի դավաճանում, վնասվածք ունեցանք, պարտադիր փոփոխություն, դիրքերի փոփոխություն, որը նույնպես ազդեց խաղի ելքի վրա: Ֆուտբոլում չկան մանրուքներ, բայց սրանք ազդեցին մեր խաղի վրա:

Մենք խաղում էինք «Հրազդան» ստադիոնում, որն ավելի մեծ էր, հանդիսատեսն ավելի շատ էր, լեփ-լեցուն տրիբունաներ, դաշտից ամեն ինչ ավելի մեծ էր երեւում: Երիտասարդների մոտ այդ մեծ ու մարդաշատ մարզադաշտը խառնաշփոթ էր առաջացրել: Այսօրվա հավաքականի ֆուտբոլիստները բոլորն էլ մեծ մարզադաշտերում խաղացել են, փորձառու են եւ վստահ կհաղթահարեն այդ ճնշումը:

Իսկ Դուք անձամբ ինչպե՞ս եք անցրացրել խաղը, ինչպե՞ս եք հաղթահարել ճնշումը, լարվածությունը:

Ես միշտ շեշտել եմ, որ ինձ համար ազգային հավաքականում խաղալը եղել է մեծ պատիվ: Ինչ-որ գերբնական ուժ է եղել ազգային հավաքականի խաղերի ժամանակ, որն օգնել է ինձ:

Թուրքիայի դեմ խաղում լարվածություն չեմ ունեցել, բայց կար այդ զգացողությունը, որ ամեն ինչ պետք է անել հաղթանակի համար: Ես գիտեի, որ այն խնդիրը, որն իմ առջեւ դրել էր մարզիչը, 100 տոկոսով եւ ավել պետք է անեմ: Հաղթելու ցանկությունը կրկնակի էր: Հետաքրքիր փաստ ասեմ՝ ազգային հավաքականի յուրաքանչյուր խաղում հաղթելու ցանկությունը կրկնակի է, յուրաքանչյուր ֆուտբոլիստ հասկանում է, որ դա ազգի համար է, պատվի համար է: Միշտ ասել եմ, որ ազգային հավաքականում լավ են խաղում մեծ հայրենասերները, պատրիոտները, որոնք ավելի լավ են հասկանում՝ ազգը ներկայացնելն ինչ է: Այդ ֆուտբոլիստները ավելի մեծ նվիրումով են խաղում:

Ի՞նչ կասեք ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի մասին:

Պետրակովը փորձառու մարզիչ է: Շատ կարեւոր է, որ նա տարբեր տարիքային խմբերի հավաքականների հետ աշխատել է, ազգային հավաքականում աշխատելու փորձ ունի, լավ հասկանում է ազգային հավաքականի դերը: Մարզիչից էլ է շատ բան կախված, թե ինչպես կտրամադրի խաղին:

Հետեւեցի բաց մարզմանը, նա նորամուծություն, որպես այդպիսին, չի մտցրել, բայց արդեն զգացվում է նրա կարգապահությունը, պարտադրում է, որ լինի խաղային կարգապահություն, ֆուտբոլիստների անհատական կարգապահություն: Նա դավանում է թիմային ֆուտբոլ, փորձում է հավաքականին տանել թիմային ֆուտբոլի, մտցնել այդ մտածելակերպը, որ թիմային խաղն առաջնայինն է: Ես էլ եմ համոզված, որ եթե ուզում ենք հաջողության հասնել, միայն կարող ենք թիմային խաղով:

Ի՞նչ սպասել Պետրակովի ձեւավորած հավաքականից: Ուկրաինացի մասնագետը շեշտը դրեց արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների վրա, նաեւ ունենք երեք նորեկ:

Լավ կազմ է ձեւավորվել: Հեռանկարային եւ մեծ ներուժ ունեցող ֆուտբոլիստներ են նաեւ նորեկները: Տիկնիզյանը շատ տաղանդավոր է, նրան հետեւել եմ, երբ 19 տարեկանների հավաքականում էր հանդես գալիս: Երիտասարդականում ցանկություն է եղել նրան հրավիրել, բայց այն ժամանակ չցանկացավ, քանի որ խաղում էր Ռուսաստանի երիտասարդական եւ պատանեկան հավաքականներում: Նա ասում էր, որ ազգային հավաքական գուցե գա, եթե հրավիրվի, ինչպես ասել էր Էդուարդ Սպերցյանը, բայց պատանեկան, երիտասարդական՝ ոչ: Կարող եմ ասել, որ շատ լավ պաշտպան է, մեծ ներուժ ունի եւ մեծ ուժ է մեր հավաքականի համար: Նույնը կասեմ Ռանոսի մասին: «Բավարիա 2»-ից է եկել, հեռանկարային հարձակվող է: Ճիշտ է՝ դեռ երիտասարդ է եւ ժամանակ ունի իրեն ցույց տալու: Արթուր Սերոբյանը, Ժիրայր Շաղոյանը, Ստյոպա Մկրտչյանը՝ բոլորը Հայաստանի առաջնությունում իրենց ներուժն ապացուցել են: Ներուժ ունեցող հավաքական ունենք, ուղղակի այս ֆուտբոլիստներին ճիշտ ժամանակին պետք է խաղաժամանակ տալ: Ժամանակի ընթացքում լուրջ հավաքական կարող ենք ունենալ եւ ավելի լուրջ նպատակներ դնել հավաքականի առջեւ:

Դուք զրույցի սկզբում շեշտեցիք Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը: Որքանո՞վ նրա բացակայությունը կազդի այս կարեւոր խաղի վրա:

Հայաստան - Թուրքիա խաղի վրա միանշանակ կազդի նրա բացակայությունը: Նա մեծ փորձ ունի, մեծ հեղինակություն ունի: Մի քանի տեսանկյունից նրա մասնակցությունը կարող էր ճնշել մրցակցին: Եթե նա լիներ դաշտում, մրցակիցը նրան մեծ ուշադրություն կդարձներ, ավելի սառնասիրտ կլիներ նա, թիմը սառնասիրտ կլիներ, դժվար պահերին, գնդակը փոխանցելով նրան, հանգստություն կունենայինք: Նրա մասնակցությունը շատ մեծ դեր կունենար: Բայց ունենք այն, ինչ ունենք: Պետք է համակերպվենք եւ առաջ քայլենք: Մեր հավաքականն արդեն մի քանի խաղ անցկացրել է առանց Մխիթարյանի: Այդ դիրքում մեր երիտասարդները պետք է փորձեն հաստատվել: Սպերցյանը, Բիչախչյանը, Շաղոյանը կարող են իրենց լավ դրսեւորել եւ լավ խաղ ցուցադրել այդ դիրքում:

Մրցակցի մասին ի՞նչ կասեք:

Լավ հավաքական է: Միշտ բարձր արդյունքների համար է պայքարում: Շատ դժվար մրցակից է: Ունի լավ ֆուտբոլիստներ, որոնցից մեկը «Ինտերում» Մխիթարյանի թիմակիցն է։ Չալհանօգլուն տեխնիկապես զարգացած հարվածներով, ուժեղ ֆուտբոլիստ է: Ուժեղ թիմ ունեն, բայց դա ոչինչ չի նշանակում: Մենք փորձ ունենք, շատ ուժեղ հավաքականների հետ էլ շատ լավ խաղեր ենք անցկացրել: Մեր հավաքականին պետք է միայն 100 տոկոս նվիրումով խաղալ եւ ամեն ինչ լավ կստացվի:

Եվ վերջում, ի՞նչ արդյունք եւ հաշիվ եք կանխատեսում: 

2:1 մեր հաղթանակով, վատագույնը՝ 1:1:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով