11:13  ,  14 փետրվարի, 2023

Սեյրան Նիկողոսյան․ Պետական միջոցների հատկացումներից դժգոհ ենք, փամփուշտները չեն բավականացնում

Հրաձգության նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է, մարզաձեւը սիրված է, արդյունքներն աճում են, բայց պետական հատկացումներից դժգոհ ենք: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

Փետրվարի 10-12-ը Երեւանի հրաձգության մարզադպրոցում տեղի է ունեցել գնդակային հրաձգության Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 100 մարզիկ:

Տարբեր մրցաձեւերում Հայաստանի չեմպիոններ են դարձել․

Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց՝ Գագիկ Նիկողոսյան եւ Մարիամ Միքայելյան,

Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց՝ Նորայր Առաքելյան եւ Էլմիրա Կարապետյան

Վազող թրախ, խառը վազք, 10մ, 20+20 կրակոց՝ Հովհաննես Մարգարյան եւ Արուսյակ Գրիգորյան, 

10մ, 30+30 կրակոց՝  Հովհաննես Մարգարյան եւ Արուսյակ Գրիգորյան:

Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն առաջնության արդյունքներից դժգոհ չէ:

«Նոր անուններ չունենք, մի երիտասարդ աղջիկ ունենք, որի արդյունքներն այդքան էլ բարձր չէին, բայց հեռանկարային է: Սպասելիքներս ավելի շատ էին առաջնության արդյունքներից, բայց տարվա սկիզբ է: Մարզիչները կաշխատեն եւ կբարելավենք արդյունքները: Այդքան էլ դժգոհ չեմ:

Զենք-զինամթերքի հետ կապված խնդիրներ ունենք: Ասում են, որ լուծվող հարց է, տեսնենք՝ ինչպես կստացվի:

Հավաքականի կազմը որոշված էր դեռ նախորդ տարվա միջազգային մրցաշարերի, ստուգողական մրցաշարերի արդյունքներով:

Մենք նախորդ տարի ունեցանք բարձր արդյունքներ, մեդալներն էլ ավելացան, որը ֆեդերացիայի, մարզիչ-մարզիկ ճիշտ աշխատանքի արդյունքն է, բայց այս ամենի կողքին ունենք զենքի, փամփուշտների խնդիր:

Պետական միջոցների հատկացումներից դժգոհ ենք: Արդեն քանի տարի է՝ կրակում ենք  միայն օդամղիչ զենքերով: Որոշակի քանակ ունենք, բայց փամփուշտները չեն բավականացնում: Դպրոցներ կան, որ չունեն փամփուշներ, այստեղից, այնտեղից գտնում են, ինչպես ասում են՝ «յոլա» ենք գնում եւ այդպես առաջ գնում: Ճիշտ է՝ խոսք են տվել, որ կլինի, բայց, թե ե՞րբ... Մենք պարբերաբար դիմում ենք այս հարցով, խոստանում են, որ կլինի, բայց օրերն անցնում են, իսկ Օլիմպիական խաղերը սարերի ետեւում չեն: 

Հրաձգության ֆեդերացիայի բյուջեն ավելացել է: 50 միլիոն դրամ է, որն իրականում չնչին գումար է: Եթե թիմ հանենք՝ 36 մասնակից ենք ունենալու, իսկ 50 միլիոնը 36 մասնակցի համար գումար չէ»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը:

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որը վարկանիշային է լինելու Փարիզ-2024-ի համար: Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին օլիմպիական ուղեգիրը նվաճել է հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:

«Փետրվարի 25-ին 8 մարզիկով եւ 2 մարզիչով մեկնում ենք Լեհաստան՝ հավաքի: Մինչեւ մարտի 5-ը հավաք կանենք, այնտեղից կմեկնենք Եվրոպայի առաջնության, որը տեղի է ունենալու մարտի 7-12-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում: Եվրոպայի առաջնությունը օլիմպիական վարկանիշային է: Ուղեգրեր են տալիս ատրճանակ եւ հրացան մրցաձեւերից, առաջին, երկրորդ տեղերի համար: Եթե հաղթողը կամ արծաթե մեդալակիրն արդեն ունեն ուղեգրեր, հաջորդաբար մյուս մարզիկին է անցնում ուղեգիրը: Եւս մեկ ուղեգրի հույս ունենք, բայց թե ումից, թող մնա անակնկալ»,- նշեց Սեյրան Նիկողոսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով