09:04  ,  18 հունվարի, 2023

Կարեն Աղամալյան․ Հագեցած տարի ենք ունենալու, բարդ իրավիճակում ենք

Հագեցած տարի ենք ունենալու, բարդ իրավիճակում ենք. աշխարհի առաջնության ավարտից մեկ ամիս անց Եվրոպական խաղերն են, որը վարկանիշային է լինելու Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերի համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Հունվարի 31-ից Երեւանում կմեկնարկի բռնցքամարտի մեծահասակների Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով ձեւավորված հավաքականը կնախապատրաստվի նախաօլիմպիական տարվա կարեւոր մրցաշարերին:

Հավաքականի գլխավոր մարզիչը ներկայացրել է տարվա ծրագրերը:

«Նախաօլիմպիական տարին սկսում ենք Հայաստանի առաջնությունով, որի արդյունքներով կազմավորվելու է հավաքականը: Հայաստանի առաջնությանը մասնակցելու են բոլորը: Անկնալում եմ մեծ թվով մասնակիցներ, քանի որ բոլոր մարզիչները դիմել են, որպեսզի իրենց սաները մասնակցեն: Կարծում եմ՝ այս տարի շատ մասնակիցներ կունենանք: Հույս ունեմ, որ նոր անուններ կունենանք:

 Հայաստանի առաջնությունից իմ թույլտվությամբ ազատված է միայն Հովհաննես Բաչկովը: Նա մենամարտ ունի եւ պետք է պատրաստվի:

Հայաստանի առաջնության անցկացման վայրը դեռ հայտնի չէ: Մշտապես անցկացրել ենք «Դինամո» մարզադահլիճում, բայց այս տարի այնտեղ, կարծես, ջեռուցման խնդիր կա: Հնարավոր է նաեւ, որ անցկացնենք «Օլիմպավանում»: Դեռ հստակ չէ» ,- ասաց Կարեն Աղամալյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչի խոսքով, նախաօլիմպիական տարում չնայած մեկ վարկանիշային մրցաշար ունեն, բայց բարդ իրավիճակում են հայտնված:

«Տարին հագեցած է լինելու մեզ համար: Ունենք մի շարք մրցաշարեր, հավաքներ, աշխարհի առաջնութուն եւ Եվրոպական խաղեր:

Հայաստանի առաջնությունից հետո կմասնակցենք Ստրանջայի մրցաշարին, որը տեղի է ունենալու փետրվարի երկրորդ կեսին: Դրանից հետո ուժերը կենտրոնանցնելու ենք աշխարհի առաջնության վրա, որը տեղի է ունենալու մայիսի 1-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: Անմիջապես հետո մեկնարկում է Եվրոպական խաղերը, որն օլիմպիական վարկանիշային է Փարիզ-2024-ի համար: Աշխարհի առաջնությունը վարկանիշ չի տալիս: Այս տարի մեզ համար միայն Եվրոպական խաղերն է:

Մեկ ամիս ժամանակ ունենք վարկանիշային մրցաշարին պատրաստվելու համար: Այստեղ էլ գրաֆիկը շատ խիտ է լինելու: Տղաները ժամանակ չեն ունենա վերականգնվել: Տաշքենդից գալու ենք եւ միանգամից պատրաստվենք Եվրոպական խաղերին, որը տեղի է ունենալու Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21-ից հուլիսի 2-ը: 

Բարդ իրավիճակում ենք հայտնված, նաեւ բարդ ընտրության առաջ ենք կանգնելու, քանի որ պետք է որոշենք՝ ում, որտեղ ենք ուղարկելու՝ աշխարհի առաջնություն, թե Եվրոպական խաղեր: Աշխարհի առաջնությունից հետո արդեն կհասկանանք, թե ով կարող է պայքարել օլիմպիական ուղեգրի համար: Այնպես պետք է անենք, որ չսխալվենք»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Կարեն Աղամալյանի փոխանցմամբ, ազգային հավաքականը աշխարհի առաջնությանը կնախապատրաստվի արտագնա հավաքով: Աշխարհի առաջնությանը կպատրաստվի նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: 

«Աշխարհի առաջնությանը կպատրաստվենք արտագնա հավաքով, որը, երեւի, կանցկացնենք Ղազախստանում: Ունենք համատեղ հավաքների մի շարք հրավերներ տարբեր երկրների հավաքականներից: Թերեւս կընտրեմ Ղազախստանը, քանի որ այնտեղից Ուզբեկստանը մոտ է:

Երեւանում հավաք չենք անի, քանի որ այդ օրերին այստեղ անցկացվելու է երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Դժվար կլինի կենտրոնացած մարզումներ անցկացնել, երբ ամբողջ Եվրոպան այստեղ է լինելու:

Ի դեպ, Հովհաննես Բաչկովը կպատրաստվի աշխարհի առաջնությանը: Նա մեծ ցանկություն ունի դառնալ աշխարհի չեմպիոն: Հետագայում արդեն պարզ կլինի՝ ինչ է անելու, պայքարելու է Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար, թե ոչ:

Դեռ հայտնի չէ, թե որ տեղերն են վարկանիշներ տալիս:

Եվրոպական խաղերից հետո ունենք նաեւ մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվելու է Բաքվում»,- հայտնեց Կարեն Աղամալյանը:

Հայաստանի առաջնությունը տեղի կունենա հունվարի 31-ից փետրվարի 4-ը Երեւանում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով