21:29  ,  6 նոյեմբերի, 2022

Հակոբ Սերոբյանը՝ Լիվերպուլից․ Սպասում էինք ոսկե մեդալի, բայց չէինք հավատում

Սպասում էինք ոսկե մեդալի, բայց չէինք հավատում։ Այժմ հավատացինք, որ սա էլ կարող ենք։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ մեկնաբանելով Արթուր Դավթյանի չեմպիոնությունը աշխարհի առաջնության հենացատկի մրցումներում։

«Շատ ուրախ եմ, հպարտ եմ։ Անբացատրելի զգացողություններ են։ Գերազանց արդյունք է, գերազանց ցատկեր կատարեց Արթուրը։

Շատ լարված պայքար էր։ Բոլորս լարված էինք։ Ֆիլիպինցու հետ կապված մի փոքր անհանգիստ էի։ Նա էլ շատ ուժեղ է։ Երբ Արթուրը դուրս եկավ մրցահարթակ ու շատ մաքուր կատարեց իր ցատկերը, մի փոքր հանգստացա։ Արդեն մտածում էի։ Իսկապես այնքան մաքուր, լավ կատարեց, որ առաջին ցատկից մի փոքր ձախ կանգնելը չազդեց նրա արդյունքի վրա։ Ճիշտ է մեկ տասնորդական դուրս եկավ, բայց այնպես կանգնեց, որ ոչինչ այլեւս չէր ազդի։

Երկրորդ ցատկի ժամանակ եւս մեկ անգամ հավաքվեց եւ արդեն լիարժեք մաքուր կատարեց։ Վերջին մասնակից կորեացու առաջին ցատկից հետո դուրս եկա. արդեն պարզ էր, որ Արթուրը չեմպիոն է։

Ով էլ լիներ մրցակիցների մեջ, ինչ էլ անեին, այս ցատկերով նա կհաղթեր։

Նախորդ անգամ աշխարհի չեմպիոն ենք ունեցել 1983 թվականին, Արթուր Հակոբյանն է դարձել հենացատկից, իսկ անկախ Հայատանում Արթուր Դավթյանը դարձավ առաջին աշխարհի չեմպիոնը։

Շնորհավորում եմ բոլորիս»,- նշեց Հակոբ Սերոբյանը։

30-ամյա մարմնամարզիկը 15.050 միավորով շրջանցեց բոլոր մրցակիցներին եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Հենացատկի վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ ֆիլիպինցի Կառլոս Էդրիել Յուլոն (14.950), բրոնզե մեդալակիր՝ Ուկրաինան ներկայացնող Իգոր Ռադիվիլովը (14.733):

Արթուր Դավթյանը անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնն է սպորտային մարմնամարզությունում:

Որակավորման փուլում Դավթյանը վաստակել էր 14.900 միավոր եւ առաջին տեղից  դուրս եկել եզրափակիչ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով