18:19  ,  6 նոյեմբերի, 2022

Արթուր Դավթյանը՝ աշխարհի չեմպիոն (ֆոտո, վիդեո)

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը փայլուն մրցելույթով նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Դավթյանը 15.050 միավորով շրջանցեց բոլոր մրցակիցներին եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Արթուր Դավթյանը անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնն է սպորտային մարմնամարզությունում: 

Որակավորման փուլում Դավթյանը վաստակել էր 14.900 միավոր եւ առաջին տեղից  դուրս եկել եզրափակիչ:

Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն, հենացատկ 

Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին Երեւանում։

Անձնական մարզիչը սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն է։

Ամուսնացած է, ունի դուստր։

Արթուր Դավթյանը 2010 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2012 թ. աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2013 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թ. աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, 2016 թ.Եվրոպայի փոխչեմպիոն, 2019 թ. Եվրոպական խաղերի չեմպիոն:

2021 թվականի ապրիլի 24- ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նժույգ թափեր վարժությունում հռչակվեց չեմպիոն եւ անմոռուկով կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։

Մասնակցել է Լոնդոն-2012, Ռիո-2016 եւ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին:

2021 թվականի օգոստոսի 2-ին Տոկիոյում անցկացված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում 41 տարի անց Արթուր Դավթյանը նվաճեց անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալը Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում: Հայաստանի առաջատար մարմնամարզիկը բրոնզե մեդալակիր դարձավ հենացատկի վարժությունում:

2022 թվականին դարձել է աշխարհի գավաթակիր, իսկ Եվրոպայի առաջնությունում հենացատկի եզրափակիչում նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում