09:04  ,  6 նոյեմբերի, 2022

Հակոբ Սերոբյանը՝ Լիվերպուլից․ Իրականում, մի փոքր անսպասելի էր Հարություն Մերդինյանի մեդալը ԱԱ-ում

Շատ ուրախ եմ Հարություն Մերդինյանի բրոնզե մեդալի համար: Իսկապես անսպասելի էր. շատ ուժեղ պայքար էր գնում նժույգ թափերի եզրափակիչում: Հարությունը եւս մեկ անգամ ապացուցեց իր բարձր կարգը:

Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Անգլիայից Հարություն Մերդինյանի՝ աշխարհի առաջնության երկրորդ բրոնզե մեդալը մեկնաբանեց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Լիվերպուլի մրցահարթակում նոյեմբերի 5-ին Հայաստանն առաջին մեդալը նվաճեց աշխարհի առաջնությունում: Նժույգ թափեր վարժությունում Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը դարձավ աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր:

«Շատ ուրախ եմ Հարություն Մերդինյանի բրոնզե մեդալի համար: Իրականում, մի փոքր անսպասելի էր այս մեդալը: Այս տարի արդեն երկրորդ անգամ նա բոլորիս ուրախացնում է իր արդյունքներով: Շատ լարված պայքար էր նժույգ թափերի եզրափակիչում: Այս աշխարհի առաջնությունում ավելի շատ Արթուր Դավթյանից մեծ սպասելիքներ ունեինք, բայց Հարութն առաջ ընկավ եւ եւս մեկ անգամ ցույց տվեց իր բարձր կարգը:

Հարութի կարիերայում կար մի շրջան, որ մտածում էր ավարտելու մասին, բայց հետո զրուցեցինք եւ որոշեցինք, որ դեռ պետք է շարունակի: Ամուսնացավ, երեխա ունեցավ եւ, կարծես, նոր շունչ ստացավ. ավելի մեծ ուժով, պատասխանատվությամբ սկսեց մարզվել եւ արդեն երկրորդ անգամ աշխարհի բրոնզե մեդալակիր է:

Աշխարհի առաջնությունում մեդալային պայքարը շատ բարդ է: Նախ, մինչ այդ կրկնակի բարդ է եզրափակիչ մտնելը: 7-8 տարի առաջ, երբ եզրափակիչ էինք դուրս գալիս, ուրախանում էինք: Այսօր եզրափակիչի 4 մասնակից ունենք, ինչն արդեն շատ մեծ արդյունք է:

Նախորդ անգամ Մերդինյանը բրոնզե մեդալակիր էր դարձել 2015 թվականին, որն անկախ Հայաստանի առաջին մեդալն էր սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում: Այդ ժամանակ հույզերն ու ապրումներն այլ էին, հիմա՝ այլ: Չեմ կարող նկարագրել, թե ինչ հույզեր ունեցա այսօր, երբ նվաճեց երկրորդ բրոնզե մեդալը: Իսկապես, շատ ուրախացա:

Հարութը մեր հավաքականի ավագն է, շատ լավ մարդ, լավ մարզիկ: Նրա այս հաղթանակներով շատ ենք ուրախանում, արժանի է:

Նաեւ ուրախ եմ օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանի եւ Վահագն Դավթյանի արդյունքների համար: Տղաները փայլուն մրցելույթներ ունեցան: Արթուր Ավետիսյանի 4-րդ տեղը շատ բարձր արդյունքն է աշխարհի առաջնությունում: Իրականում բրիտանացին, որը շրջանցեց Ավետիսյանին, մեկ տասնորդական ավելի բարդության վարժություն կատարեց, այդ պատճառով բարձր միավորներ ստացավ: Ի դեպ, ուզում եմ նշել, որ Արթուր Ավետիսյանն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը:

Վահագն Դավթյանը նույնպես շատ լավ կատարեց իր վարժությունը: Բոլորից շատ գոհ եմ: Սպասում ենք Արթուր Դավթյանին: Նրանից շատ լուրջ սպասելիքներ ունենք: Չեմ ցանկանում առաջ ընկնել, բայց եթե նա մաքուր կատարի ցատկերը, այնպես, ինչպես որակավորման փուլում, շատ լավ կլինի: Արթուր Դավթյանը ոսկե մեդալի հիմնական հավակնորդներից է»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը աշխարհի առաջնությունում մրցավարական հանձնաժողովում է: Թիմի հետ մրցահարթակում աշխատում է մարզիչ Հայկ Նազարյանը:

Օղակների վարժության եզրափակիչ դուրս եկած աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանը 14.600 միավորով 4-րդն է, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը 14.533 միավորով 6-րդը:

Աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նոյեմբերի 6-ին հենացատկի վարժության եզրափակիչում կպայքարի չեմպիոնի տիտղոսի համար: Արթուր Դավթյանի մասնակցությամբ եզրափակիչը կանցկացվի Երեւանի ժամանակով 17:30-ից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս