23:11  ,  6 հոկտեմբերի, 2022

Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն՝ Իտալիայից․ Թուրքի նկատմամբ Էրիկ Առստամյանի հաղթանակը հայ ազգի համար էր

Էրիկ Առստամյանի ոսկե մեդալը սպասված էր: Երբ նախորդ տարի դարձավ բրոնզե մեդալակիր, վերադարձանք Արցախ, ասացի, որ հաջորդ տարի նա չեմպիոն է դառնալու: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Իտալիայից ասաց Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ  Նարեկ Աբրահամյանը, որը ավագ տարիքի պատանիների Եվրոպայի նորընծա չեմպիոն Էրիկ Առստամյանի անձնական մարզիչն է:

15-ամյա արցախցի բռնցքամարտիկը Իտալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 52 կգ քաշային կարգի եզրափակիչում պարտության մատնեց անգլիացի Լեյթոն Բիրչոլին եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

«Շատ ուրախ եմ Էրիկի հաղթանակի կապակցությամբ: Նա շատ նպատակասլաց տղա է եւ սպորտին նվիրված պատանի: Ուժեղ առաջնություն անցկացվեց: 33 պետություն էր մասնակցում: Մեծ մրցակցություն կար: Էրիկը 4 մենամարտ անցկացրեց եւ բոլորում արժանի հաղթանակ տարավ:

Երբ նախորդ տարի դարձավ բրոնզե մեդալակիր, մենք վերադարձանք Արցախ, այնտեղ ասացի, որ հաջորդ տարի չեմպիոն է դառնալու: Հավատում էի:

Ամենաբարդ մենամարտը եզրափակիչը ստացվեց: Անգլիացի բռնցքամարտիկը տեխնիկապես պատրաստ, ֆիզիկապես ուժեղ տղա էր:

Նաեւ կառանձնացնեմ մեկնարկային մենամարտը, որտեղ հաղթեց թուրք բռնցքամարտիկի: Թուրքի նկատմամբ հաղթանակն էլ հայ ազգի համար էր: Էրիկը շատ գեղեցիկ մենամարտ անցկացրեց, մինչեւ վերջին կաթիլը պայքարեց:

Առաջին օրվանից ես եմ աշխատում Էրիկի հետ: Ստեփանակերտի մարզադահլիճում ենք մարզվում: Երբ եկավ բռնցքամարտի դահլիճ, 7 տարեկան էր: Ժամանակի ընթացքում նկատեցի բռնցքամարտիկին հատուկ բնավորության գծեր՝ կռվող տղա է, նվիրված է սպորտին, մարզիչին: Այդպես անցավ 9 տարի եւ արդյունքն այս ոսկե մեդալն է: Նա իմ առաջին սանն է, որը դարձավ չեմպիոն: Մինչեւ այս ունեցել ենք մեդալակիրներ, բայց ոսկե մեդալն առաջինն էր:

Այս հաղթանակը մեզ բարդ է տրվել: Երբ Էրիկը նոր էր սկսել մարզվել, չէինք հավատում, որ կարող ենք օրինակ՝ Հայաստանի չեմպիոն դառնալ: Տարիներ անց արդեն Եվրոպայի չեմպիոն ենք: Պարգեւատրման ժամանակ շատ ուրախ էի: Այդ պահին մտածում էի, որ այժմ պետք է սկսենք աշխատել աշխարհի չեմպիոն դառնալու համար, պետք է շարժվենք առաջ»,- ասաց Նարեկ Աբրահամյանը:

Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել է 5 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե: Հայաստանի երկրորդ ոսկե մեդալակիրը 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանն է: Պատանեկան հավաքականը Իտալիայից Հայաստան կժամանի այս գիշեր՝ 03:20-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով