Սերբիայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը գերլարված պայքարում հաղթեց սփոփիչ գոտեմարտում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:
Միակ սփսոփիչ գոտեմարտում Հարությունը մրցեց 2022 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ալբանացի Իսլամ Դուդաեւի հետ եւ համառ պայքարում հաղթեց 12:11 հաշվով:
Առաջին մրցափուլում Հարությունյանը պարտվում էր 3:5 հաշվով: Երկրորդ մրցափուլում ալբանացի մրցակիցը հաշվի մեջ մեծ առավելություն ուներ: Աշխարհի բրոնզե մեդալակիրը վերջին վայրկյաններին 6:11 հաշվով պարտվելիս, հարմար բռնվածքով հաշիվը դարձրեց 11:10: Գոտեմարտի ժամանակն ավարտվեց Արսենի 3-րդ գլորման ժամանակ, բայց մրցավարը միավոր տվեց միայն երկու գլորումներին: Երրորդ գլորումը ոչ ամբողջական էր: Հաբեթնակ Կուրղինյանը բողոքարկեց: Մրցավարները բավարարեցին բողոքարկումը քանի որ երրորդ գլորումը հատել էր 45 աստիճանի սահմանը: Հաշիվը դարձավ 12:11՝ Արսեն Հարությունյանի հաղթանակով:
Եվրոպայի կրկնակի չեմպիոնը աշխարհի առաջնության իր երկրորդ բրոնզե մեդալը կվիճարկի ԱՄՆ ներկայացուցիչ Սեթ Էնթոնի Գրոսի հետ:
Հարությունյանը 61 կց քաշայինների քառորդ եզրափակիչում 0:10 հաշվով պարտվել էր Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուտիին, որը դուրս է եկել եզրափակիչ։ Եվրոպայի կրկնակի չեմպիոնը բրոնզե մեդալի պայքարի համար մեկ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի՝ մրցելով 2022 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ալբանացի Իսլամ Դուդաեւի հետ։
Հարությունյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 12:2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջահոնգիրմիրզա Տուրոբովի նկատմամբ։ Գոտեմարտը տեւել էր 2 րոպե։
Երրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Վազգեն Թեւանյանը մեկ սփոփիչ գոտեմարտ հաղթելուց հետո պարտվեց երկրորդ սփոփիչում:
Աշխարհի գավաթակիրը առաջին սփոփիչ գոտեմարտում հաղթեց աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, բուլղարացի Վլադիմիր Դուբովին, երկրորդ սփոփիչ գոտեմարտում 6:7 հաշվով պարտվեց Հնդկաստանի ներկայացուցիչ Բաջրանգ Բաջրանգին եւ լքեց պայքարը:
Հիշեցնենք, որ Թեւանյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում Ջոն Մայքլ Դիակոմիհալիսիին պարտվել էր կողմնակալ մրցավարության պայմաններում: ԱՄՆ ներկայացուցիչը դուրս էր եկել եզրափակիչ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում