17:01  ,  4 օգոստոսի, 2022

Յուրի Սաքունց. Հերթական ռեկորդս նվիրում եմ իմ հայ ազգին (ֆոտո, վիդեո)

Հերթական ռեկորդս նվիրում եմ իմ հայ ազգին: Այս անգամ շատ բարդ էր, բայց, ուրախ եմ, որ առաջին փորձից կարողացա ճկույթով 20 մետր քաշել երկու վագոն: Այս փոքր քայլով ցանկանում եմ նպաստել մեր ազգի մարտական եւ հաղթական ոգու բարձրացմանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ուժային եռամարտի աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցը, որը ճկույթով հերթական ռեկորդն է սահմանել:

Օգոստոսի 4-ին Երեւանի Կարեն Դեմրիճյանի անվան մետրոպոլիտենի գնացքների հավաքակայանում Յուրի Սաքունցը ճկույթով 20 մետր տեղաշարժեց  2 վագոն 65 տոննա ծանրությամբ: Սա համարվում է աշխարհի ռեկորդ եւ առաջիկայում կգրանցվի 26-ամյա մարզիկի անունով:

«Ճկույթով հերթական ռեկորդը սահմանեցի: Այս անգամ տեղաշարժեցի մետրոյի երկու վագոն, որոնք կշռում էին 65 տոննա: Առաջին անգամ էի փորձում եւ ուրախ եմ, որ ստացվեց: Առանց փորձելու կանգնեցի վագոնների առջեւ: Մտածում էի, որ կստացվի եւ ստացվեց:

Սա իմ 23-րդ ռեկորդն է Հայաստանում, աշխարհի 7-րդ եւ, եթե հաստատվի,  Գինեսի 5-րդ ռեկորդը կլինի: Կսպասենք Գինեսի ռեկորդի հանձնաժողովին եւ հաստատված վկայականին:

Ռեկորդս նվիրում եմ իմ հայ ազգին: Ամեն անգամ այսպիսի ռեկորդներ սահմանելիս նպատակ եմ ունենում փոքր քայլով օգտակար լինել իմ ազգին եւ պետությանը, որպեսզի ժամանակավոր կտրվեն իրենց հոգսերից, հպարտանան, ես էլ հնարավորության դեպքում հպարտանալու առիթ տվող լինեմ: Այս փոքր քայլերով մենք՝ մարզիկներս միայն մեկ ցանկություն ենք ունենում՝ բարձրացնել մեր ազգի մարտական եւ հաղթական ոգին:  Ես էլ ուզում եմ այդ ոգին բարձրացնողներից մեկը լինեմ»,- ասաց Յուրի Սաքունցը:

Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոնը 10 մետրով եւ 32 տոննայով գերազանցեց ճկույթով նախորդ ռեկորդը, որը սահմանել էր այս տարվա փետրվարի 24-ին:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում