20:08  ,  24 հունիսի, 2022

Մարկո Ասենսիոն ցանկանում է տեղափոխվել «Միլան»

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ցանկանում է կարիերան շարունակել Իտալիայի չեմպիոն «Միլանում», որը հետաքրքրված է նրա ծառայություններով, հաղորդում է Sport.es-ը։ Կողմերն այժմ բանակցում են։ «Միլանը» պատրաստ չէ վճարել տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ, որն այժմ Ասենսիոն ստանում է «Ռեալում»։

Ասենսիոյին այդքան վարձատրություն առաջարկում է Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը», սակայն 26-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ունենալ մշտական տեղ մեկնարկային կազմում, ինչը երաշխավորված չէ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում։ Հավանական է, որ «Միլանում» Ասենսիոն ավելի շատ խաղաժամանակ կստանա։

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Արքայական ակումբը Ասենսիոյին նոր պայմանագիր չի առաջարկել։

Ավարտված մրցաշրջանում նա իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս