16:03  ,  11 հունիսի, 2022

Արտյոմ Սոլոյանը Գինեսի 2 ռեկորդ սահմանեց (տեսանյութ)

Ուժային եռամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Գինեսի գրքի եւ հայկական Դյուցազնագրքի  ռեկորդակիր, միջազգային սպորտի վարպետ Արտյոմ Սոլոյանը Գինեսի 2 ռեկորդ սահմանեց։

Հունիսի 11-ին Սոլոյանը դաստակները թարս ծալած, մեջքին 110 կգ եւ 120 կգ ծանրաքարեր ամրացված մեկ րոպե տեւողությամբ հենում-ծալում վարժություններով  Գինեսի երկու ռեկորդ գրանցեց։

«Երկու տարբեր ռեկորդ գրանցվեց՝ 110 կգ-ով եւ 120 կգ-ով։ Ուրախ եմ, որ հաջողությամբ ստավեց, քանի որ մինչ այս ոչ ոք այս կիլոգրամները չէր կատարել։ Նախորդ ռեկորդս եղել է 100 կգ 23 հենում-ծալումով, որն արել եմ Չարենցավանում։ Ինձանից առաջ մի ամերիկացի է այս վարժությունով ռեկորդակիր դարձել 80 կգ ծանրաքարով։ Ռեկորդը ծանրությունը մեջքին՝ թարս ծալած դաստակներով գեթ մեկ հենում-ծալումն է։ Էական չէ, թէ քանի անգամ այդպես կկատարես։

Ուրախ եմ, որ ստացվեց եւ ես հնարավորություն եմ ունենում եւս մեկ անգամ մեր երկրի դրոշը ծածանել»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռեկորդակիրը։

Արտյոմ Սոլոյանը Լոռու մարզի Տաշիր շրջանի Մեծավան գյուղից է։ Բազմաթիվ ռեկորդների հեղինակ է, նաեւ զբաղվում է ուժային եռամարտով։ Իր ծննդավայր Մեծավանում աշխատում է որպես ուժային եռամարտի մարզիչ։ Ազատ ժամանակ ընտանիքի հետ ուսումնասիրում է Գինեսի ռեկորդներն ու  երկու որդիների  հետ փորձում նոր ռեկորդներ սահմանել։

«Փոքր տարիքից ռեկորդների սիրահար եմ եղել։ Միշտ նայում էի հեռուստացույցով եւ փորձում էի կրկնել։ Մի անգամ որոշեցի ինքս ռեկորդ սահմանել եւ ինձ մոտ ստացվեց։ Հիմա նույնն անում են իմ երկու տղաները, որոնք Դյուցանագրքի ռեկորդակիրներ են», -ասաց Արտյոմ Սոլոյանը։

Գինեսի ռեկորդակիրը 110 կգ ծանրաքարով վարժությունը կատարեց 15 անգամ 39 վայրկյանում, 120 կգ ծանրաքարով՝ 11 անգամ 49 վայրկյանում: Այս ցուցանիշները համարվում են ռեկորդներ։ Շուտով ռեկորդը կուղարկվի Գինեսի հանձնաժողով։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English