22:58  ,  29 մայիսի, 2022

Կարեն Աղամալյան․ Վերանայում են Նարեկ Մանասյանի արդյունքը, հուսանք որոշումը կփոխվի

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հույս ունի, որ Նարեկ Մանասյանի մասնակցությամբ մենամարտի արդյունքը կփոխվի։ Հայաստանի թիմը բողոքարկել է մրցավարների որոշումը եւ ռինգում սպասում է պատասխանի։

92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մենամարտել էր Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռայեսի հետ։ Մրցավարները հաղթանակը շնորհել էին Իսպանիայի թիմի անդամին։

«Մենամարտի մասին ոչինչ չեմ կարող ասել: Երկու ռաունդ հաղթեց Նարեկ Մանասյանը, երրորդ ռաունդում պարտվեց. հաշիվը հավասար էր: Մրցավարները հաղթանակը տվեցին կապույտ անկյունին, որը սխալ որոշում էր: Մենք համաձայն չենք այս որոշման հետ: Այժմ վերանայում են: Հուսանք որոշումը կփոխվի:

Չգիտեմ ինչ կլինի այս բողոքի արդյունքը, չեմ կարող ասել՝ կփոխվի որոշում, թե ոչ: Այսպիսի բան չէր եղել: Մենամարտում Նարեկ Մանասյանը առավել էր մրցակցից: Նկատողություն տվեցին մրցակցին, միավորից զրկեցին ու հաղթանակը նորից տվեցին Իսպանիայի ներկայացուցիչին»,- ասաց Կարեն Աղամալյանը, որն այս պահին ռինգում է Հայաստանի թիմի անդամների հետ:

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը կապ է հաստատել միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ Ումար Կերմլյովի հետ, այժմ քննարկվում է մենամարտի արդյունքը վերանայելու հարցը։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում