20:09  ,  30 ապրիլի, 2022

«Ռեալը» 35-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն (ֆոտո, վիդեո)

Մադրիդի «Ռեալը» 35-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը առաջնության ավարտից չորս տուր առաջ։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 34-րդ տուրում ընդունեց Բարսելոնայի «Էսպանյոլին» եւ առավելության հասավ 4։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ռոդրիգոն։ Աչքի ընկան նաեւ իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն ու ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ Հանդիպման խորհրդանշական առաջին հարվածը կատարեց իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը։

Արքայական թիմը վաստակեց 81 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Սեւիլիան» ունի 64 միավոր։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Բարսելոնան» 63 միավորով երրորդն է։ «Էսպանյոլը» 13-րդն է՝ 39 միավոր։

«Ռեալը» նախորդ անգամ տիտղոսը նվաճել էր 2020 թվականին։ Անցած տարի չեմպիոն էր դարձել Մադրիդի «Աթլետիկոն», «Ռեալը» գրավել էր երկրորդ տեղը։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ռեալ» - «Էսպանյոլ»՝ 4։0 (տեսանյութ)

Ռոդրիգո, 34, 44, Մարկո Ասենսիո, 56, Քարիմ Բենզեմա, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում