19:12  ,  13 ապրիլի, 2022

Չավի. Ցանկանում ենք խաղալ Չեմպիոնների լիգայում եւ աշխատում ենք այդ ուղղությամբ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու կարեւորության մասին: Կատալոնական թիմը Բարսելոնայում քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը կանցկացնի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ: Գերմանիայում անցած շաբաթ տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:

«Մրցաշրջանի սկիզբը հաջող չէր մեր թիմի համար, բայց հիմա ամեն ինչ լավ է դասավորվում: Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչը կարեւոր քայլ կլինի մեր նպատակներից մեկի ճանապարհին: Իհարկե, Եվրոպայի լիգան այդքան չեն արժեւորում, որքան Չեմպիոնների լիգան, բայց մենք տրամադրված ենք հաղթանակի: Մենք ցանկանում ենք խաղալ Չեմպիոնների լիգայում եւ աշխատում ենք այդ ուղղությամբ: Ցավալի է, որ հիմա մենք այնտեղ չենք:

Մրցակիցները մեզ պահանջներ չեն ներկայացնում: «Բարսելոնայի» պատմությունն է մեզ ստիպում ձգտել միայն հաղթանակների եւ տիտղոսների: 40 տարի առաջ Յոհան Կրոյֆը սահմանել է նշաձող. հաղթել՝ խաղալով գեղեցիկ: Եթե այդպես չի ստացվում, մենք դժգոհ ենք»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Բարսելոնա» - «Այնտրախտ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում