16:12  ,  29 մարտի, 2022

ԵԱ. Արսեն Հարությունյանը հաղթեց տուշեով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանի առաջատար ըմբիշ Արսեն Հարությունյանը տուշեով հաղթեց մակեդոնացի Բեսիր Ալիլիին: Գոտեմարտը տեւեց 2 րոպե 19 վայրկյան:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը մեծ ակտիվությամբ սկսեց եւ մեկնարկից սկսեց միավորներ վաստակել: Նախ՝ երկու միավորանոց գցում կատարեց, որի հետ չհամաձայնեց մրցակցի մարզչական անկյունը: Կապույտ անկյունը բողոքարկեց, բայց մրցավարները չբավարարեցին եւ հաշիվը դարձավ 3:0՝ Արսեն Հարությունյանի օգտին:

Առաջին մրցափուլի միջնամասում Արսեն Հարությունյանը հարմար բռնցվածքով գլորում կատարեց՝ 5:0, ապա գրանցվեց տուշե:

Կիսաեզրափակիչում Արսեն Հարությունյանի մրցակիցը կլինի 2021 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Լեհաստանի ներկայացուցիչ Էդուարդ Գրիգորեւը:

Երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտցած Հովհաննես Մխիթարյանը քառորդ եզրափակիչում պարտվեց վրացի Միրիանի Մայսուրաձեին (0:10):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում