00:33  ,  23 մարտի, 2022

Արթուր Դավթյան․ Հաղթանակներս աշխարհի գավաթի խաղարկության փուլերում սպասված էին

Գոհ եմ այս արդյունքներից, ուրախ եմ, որ կարողացա ամենաբարձր վարկանիշները վաստակել աշխարհի առաջնության առանձին գործիքների պայքարում լինելու համար: Հիմա ավելի հանգիստ եմ, որովհետեւ իմ երկու ցատկն էլ լավ եմ տիրապետում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը՝ մեկնաբանելով սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի փուլային մրցաշարերում տարած երեք անընդմեջ հաղթանակները:

Հայաստանի առաջատար մարմնամարզիկ փայլուն հանդես եկավ աշխարհի գավաթի երեք փուլերում: Մարտի 17-21-ը Կահիրեում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլային մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը հենացատկի  վարժության եզրափակիչում 14.983 միավորով նվաճեց է հաղթողի կոչումը։

Դավթյանը ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ Կոտբուսի եւ Դոհայի փուլերում, որոնք տեղի էին ունեցել փետրվարի 25-ից մարտի 5-ը:

«Աշխարհի գավաթի փուլերում իրար հաջորդող հաղթանակներս սպասված էին: Այնպես է ստացվել, որ օլիմպիական ցիկլից հետո, ինչպես միշտ է լինում, մեր մարզաձեւում կանոնները փոխվում են, եւ այժմ մենք արդեն փոխված կանոններով ենք մասնակցում: Ուզում եմ նշել, որ այդ կանոններն ի օգուտ ինձ են փոխվել. Ես մի ցատկ ունեի, որը շատ լավ էի կատարում եւ նախորդ կանոններով այն չէի կարողանում անել, քանի որ մյուս ցատկի հետ միասին իմ այս ցատկն իրավունք չունեի անել: Հիմա արդեն ունեմ այդ իրավունքը, եւ ես առաջինը կատարում եմ այդ իմ ուժեղ ցատկը: Սա է գաղտնիքը, որ արդեն երրորդ մրցմանը լավ եմ մասնակցում եւ բարձր միավորներ եմ վաստակում:

Կահիրեի փուլում դուրս էի եկել նաեւ պտտաձողի եւ ազատ վարժությունների եզրափակիչ, բայց միանշանակ ֆավորիտների մեջ չէի: Ուղղակի որակավորման փուլում լավ էի կատարել վարժությունները, բայց այնպես չէր, որ կարող էի մրցանակային տեղ զբաղեցնել:

Ես բոլոր իմ մրցակիցներին գիտեի, նաեւ գիտակցում էի, որ ցատկերս լավ կատարելու դեպքում կարող եմ հաղթել: Նախորդ մրցաշրջանում, Օլիմպիական խաղերում մեր մարզաձեւում կանոններն իմ օգտին չէին: Այս ցիկլում, արդեն, փոփոխվելուց հետո իմ օգտին է: Հիմա ավելի հանգիստ եմ, որովհետեւ այդ երկու ցատկն էլ լավ եմ տիրապետում»,- ասաց Արթուր Դավթյանը:

 Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար։

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանն աշխարհի գավաթում նվաճած վարկանիշային միավորներով իրենց տեղն արդեն ապահովել են աշխարհի առաջնության առանձին գործիքների պայքարում:

Աշխարհի գավաթի չորրորդ փուլն անցկացվելու է Բաքվում։ Հայաստանի թիմը չի մասնակցելու։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս