22:12  ,  25 փետրվարի, 2022

Գրեփլինգի ֆեդերացիան ամփոփել է տարին՝ 23 մեդալ

Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի ղեկավարությունը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է մոտ մեկ տարվա արդյունավետ աշխատանքը։ Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանի խոսքով, մեծ աշխատանքներ են տարվում մարզաձևի մասսայականացման հարցում։

«Տարբեր մարզադպրոցների հետ համագործակցությունը շարունակվում է։ Արդեն ունենք հաջողված փորձ Արմավիրի ու Լոռու մարզերում, կփորձենք մեծացնել աշխարհագրությունը: Աշխատում ենք նաեւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի հետ, որպեսզի լինի մարզաձեւի մասին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն:

Մեծ աշխատանք ենք տարել նաև մարզիչների վերապատրաստման գործում: Կարեւորում ենք նաև միջազգային կարգի մրցավարներ ունենալը։ Հրանտ Քոթանջյանը սպասարկել է Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների գոտեմարտեր:

Հայաստանում գրեփլինգով զբաղվում է 2200-2500 մարզիկ։ Դա բավականին լավ ցուցանիշ է մեկ տարվա պատմություն ունեցող ֆեդերացիայի համար»,- նշել է Սարգիս Բազինյանը։

Գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը վստահ է, որ ճիշտ աշխատանքի արդյունքում մեդալների քանակը կավելանա առաջիկայում:

«2021-ին մեր մարզիկները նվաճել են 23 մեդալ։ Կառանձնացնեմ մեծահասակների Եվրոպայի առաջնության արծաթն ու աշխարհի առաջնության բրոնզը: Շատ դեպքերում մոտ ենք եղել նաև բրոնզե մեդալ նվաճելուն։ Սա դեռ սկիզբն է, հետագայում կունենանք նոր նվաճումներ:

Կարեւորում ենք ԿԳՄՍ-ի համագործակցությունը, եւ այս տարվանից մեր ֆեդերացիայի ներկայացուցիչները ստանում են մարզական կոչումներ: Օրեր առաջ Մայիս Ներսիսյանն արժանացավ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման:

Պետական աջակցություն չենք ստանում։ Մեր ֆեդերացիան նորաստեղծ է, չենք ցանկանում բեռ լինել պետության համար։ Գոնե սկզբնական փուլում փորձում ենք գումար գտնել հովանավորների, բարերարների ու անհատների կողմից: Այս տարվա ընթացքում ծախսել ենք 53 միլիոն դրամ ենք:

Այս տարի Հայաստանի առաջնությունը կանցկացվի փետրվարի 26-27-ին։ Մարտին Բուդապեշտում կմասնակցենք Եվրոպայի առաջնությանը, իսկ աշնանը ծրագրել ենք միջազգային մրցաշար անցկացնել Հայաստանում»,- նշել է Վլադիմիր Հովհաննիսյանը։

Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիան հիմնադրվել է անցած տարի։ 2021-ի փետրվարին Հայաստանի ըմբշամարտի և գրեփլինգի ֆեդերացիաները համագործակցության հուշագիր էին ստորագրել: Այդ հուշագիրը հայ մարզիկներին տվեց UWW-ի կազմակերպած գրեփլինգի միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորություն։ Գրեփլինգն ըմբշամարտի ընտանիքի անդամ է։ Պարբերաբար ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից առաջ կամ հետո անցկացվում են նաև գրեփլինգի մրցումներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում