21:13  ,  18 հունվարի, 2022

Դեմբելեի գործակալ. «Բարսելոնան» միայն սպառնում է

«Բարսելոնայի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոն դժգոհել է, որ կատալոնական ակումբը խուսափում է բանակցությունից եւ միայն սպառնում է։ Դեմբելեի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։

«Ակումբի կողմից ճնշումները ոչ մի ազդեցություն չեն ունենա, մենք այդ մարդկանցից չենք։ Այո, մենք բարձր պահանջներ ունենք, բայց փողից կախված չէ, թե Դեմբելեն որտեղ կշարունակի կարիերան։

«Բարսելոնան» չի բանակցում, միայն սպառնում է, որ Դեմբելեն չի խաղա։ Դա անօրինական է։ Մենք կպաշտպանենք Ուսմանի շահերը։

Դեռ ոչինչ որոշված չէ, բայց «Բարսելոնան» կորցնում է Դեմբելեին։ Մենք պատրաստ ենք քննարկել պայմանագիրը, բայց մեր պահանջներով»,- Սիսոկոյի խոսքը մեջբերում է RMC-ն։

24-ամյա ֆուտբոլիստն ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ անվճար կմիանա այլ ակումբի։ «Բարսելոնայում» կասկածներ ունեն, որ Դեմբելեն նախնական համաձայնության է հասել կամ Թուրինի «Յուվենտուսի», կամ էլ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի»։ Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Չելսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English